Թուրքագետը մատնանշում է Մյունխենում ՀՀ նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

Armenpress 14:22, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում կարևորում է այն շեշտադրումը, որ ներկա պայմաններում հայ-թուրքական արձանագրությունները կորցրել են իրենց նշանակությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, թե ՀՀ նախագահը հստակ նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունները, որոնք իր նախաձեռնությամբ ստորագրվել են, արտացոլում էին այն ժամանակվա իրողությունները, իսկ ժամանակակից պայմաններում դրանք կորցրել են իրենց նշանակությունը: «Սա շատ կարևոր շեշտադրում էր, որովհետև իսկապես այդ արձանագրությունները ներկա պայմաններում իրենց իմաստը կորցրել են»,- ասաց թուրքագետը:

Նա նկատեց, որ իր ելույթում ՀՀ նախագահը  շատ հստակ նշեց, որ Հայաստանը մնում է հավատարիմ առանց որևիցե նախապայմանների Թուրքիայի հետ միջպետական երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, իսկ Թուրքիայի ղեկավարությունն, ըստ էության, շարունակում է իր վաղեմի քաղաքականությունը, որ ընտրել է Հայաստանի նկատմամբ, այսինքն` նախապայմանների քաղաքականությունը: «Երկրորդ կարևոր հանգամանքն այն էր, որ նշվեց՝ Թուրքիայի ղեկավարությունն է որոշել Հայաստանի հետ հարաբերությունները չկարգավորել, իսկ Ադրբեջանին մեջբերելը ուղղակի պատրվակ է, որ օգտագործվում է Թուրքիայի ղեկավարության կողմից, որը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկություն չունի»,- մանրամասնեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը կարևորեց նաև այն հանգամանքը, որ ՀՀ նախագահն արձանագրեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար գնաց մեծ զոհողությունների, որովհետև հայ-թուրքական արձանագրություններին դեմ հանդես եկողները, մանավանդ սփյուռքում, մեծ թիվ էին կազմում: «Այնպես որ, Հայաստանը գնաց նման զոհողությունների, սակայն թուրքական ղեկավարությունը, ելնելով Հայաստանի նկատմամբ ստրատեգիական առումով ընտրած քաղաքականությունից և որպես պատրվակ օգտագործելով Ադրբեջանի հանգամանքը, վիժեցրեց այդ արձանագրությունները»,- եզրափակեց թուրքագետը:

Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Բեռլինի պատի անկումից շուրջ երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Նա վստահությամբ նշել է, որ  Հայաստանն ամեն ինչ արել է այս իրավիճակը հաղթահարելու համար։ «Արդյո՞ք Ադրբեջանն է խոչընդոտում Թուրքիային Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, ինչպես մեզ շատերը փորձում են համոզել։ Ո՛չ, հիմնական խոչընդոտը Թուրքիայի առաջնորդների քաղաքական կամքի բացակայությունն է: Կարծում եմ՝ պատկերացնում եք, որ հայկական սփյուռքի շատ ու շատ ներկայացուցիչներ այնքան էլ երջանիկ չէին մեր այդ որոշմամբ։ Դա բնական էր, քանի որ նրանք ցեղասպանություն վերապրածների և հայրենազրկման ենթարկվածների ժառանգներն են։ Ես շրջագայեցի ողջ աշխարհով, հանդիպեցի սփյուռքի մեր քույրերի և եղբայրների հետ՝ համայնք առ համայնք, քննարկեցի նրանց հետ չափազանց զգայուն այս խնդիրը։ Արդյո՞ք Թուրքիայի ղեկավարները դրսևորեցին նման քաղաքական կամք, արդյո՞ք նրանք որևէ կերպ տեր կանգնեցին իրենց իսկ ստորագրած փաստաթղթերին։ Մենք չենք կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին:Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը»,- ասել է Նախագահ Սարգսյանը:



Այս թեմայով


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am