1000х90.jpg (78 KB)

Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով Yesh Atid կուսակցությունը կշարունակի պայքարը. բացառիկ մեկնաբանություն

Armenpress 12:29, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ընդդիմադիր Yesh Atid կուսակցությունը, որի առաջնորդ Յաիր Լապիդը փետրվարի 14-ին երկրի խորհրդարանում քննարկման էր  ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, հաստատակամ է այս հարցում պայքարը շարունակելու գործում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում ասաց կուսակցության ղեկավարի խոսնակ Յաիր Զիվանը:

«Մենք շարունակելու ենք պայքարը՝ հանուն Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման: Դա ճիշտ և բարոյական քայլ է, որը պետք է անենք»,- ասաց  Յաիր Զիվանը:

Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը փետրվարի 14-ին Կնեսետում ներկայացրել էր Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծ, որը, սակայն, չընդունվեց՝ 41 դեմ,  28 կողմ ձայներով:

Օրինագծի քննարկման ժամանակ Լապիդը նշել էր. «Չկա պատճառ, որի համար Կնեսետը, որը ներկայացնում է Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դրան նվիրված հիշատակության օր չունենա»:

Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծն առաջին անգամ էր դրվել Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի լիագումար նիստի քննարկմանը։ 2016թ. Կնեսետի կրթության հարցերի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Արաքս Կասյան



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am