1000х90.jpg (78 KB)

Ճշգրիտ պատասխան,  դիպուկ շեշտադրումներ. Վաղարշակ Հարությունյանի անդրադարձը Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթին

Armenpress 21:50, 18 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճշգրիտ պատասխան՝  դիպուկ շեշտադրումներով. այսպես բնորոշեց Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահի ելույթը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարություններին, այդ երկրի վարած քաղաքականությանը վերաբերող Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումներին: Նրա խոսքով, բավական ճշգրիտ դիտարկումներն առկա էին ոչ միայն ելույթում, այլև Սերժ Սարգսյանի՝ այնտեղ հնչած հարցերի պատասխաններում:

«Ակնհայտ է այն դիտարկումը, թե ինչպես կարելի է բանակցել մի մարդու հետ, որը չի խոսում բուն հակամարտության հարցերի շուրջ, այլ ունի նկրտումներ Երևանի և այլ տարածքների նկատմամբ: Սա խոսում է այն մասին, որ այդ մարդը չի պատկերացնում բանակցային գործընթացի իմաստը, պատրաստ չէ որևէ փոխզիջման գնալ և շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այստեղ տեղին է հիշել այն, որ դեռ 1996 թվականին, երբ Ադրբեջանում ընդունում էին Սահմանադրությունը, քննարկում էին, թե ինչպես գրել որն է Ադրբեջանի պետական լեզուն: Այդ ժամանակ խոսվում էր այն մասին, որ իրենց մինչև 1918 թվականը համարում էին թաթարներ, 1918-1936 թվականը՝ թուրքեր, 1936 թվականից նոր անվանել են ադրբեջանցի: Հետևաբար, Իլհամ Ալիևը պետք է լավ պատկերացնի, թե ինչ է նշանակում խոսել այն տարածքների մասին, որոնք ունեն հազարամյա պատմություն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Նա կարևորեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն դիտարկումը, որ Եվրոպայի լռության պայմաններում Ադրբեջանից հնչող անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ:

«Երբ ժամանակին Հայոց ցեղասպանությանը միջազգային հանրության կողմից  ճիշտ գնահատականներ չտրվեցին, մենք հետագայում համաշխարհային պատմության մեջ դրա հետևանքները տեսանք: Եվ եթե հիմա Ադրբեջանի նախագահը  Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի տարածքների հետ կապված անհեթեթ հայտարարություններ է անում և չի ստանում համարժեք պատասխան, ապա նա գնում է քայլերի, որոնք հանգեցնում են իրավիճակի թեժացմանը: Այստեղ ուզում եմ ընդգծել, որ Իլհամ Ալիևի հայտարարությունները միայն Ադրբեջանինը չեն: Դրանք պետք է դիտարկել այն համատեքստում, որ Իլհամ Ալիևը Թուրքիայի հետ համաձայնեցված քաղաքականություն է վարում՝ սպասարկելով նեոօսմանիզմի գաղափարախոսությունը»,- հավելեց Վաղարշակ Հարությունյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովին  «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ: Նա իր ելույթում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային մի շարք հարցերի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am