1000х90.jpg (78 KB)

Իլհամ Ալիևը հնչեցնում է Հարավային Կովկասում պատերազմին Ռուսաստանի ներգրավման գործընթացի սկսվելու մասին. Արտաշես Գեղամյան (Մաս I, լրացված)

Armenpress 15:04, 17 Փետրվար, 2018

Եվ այսպես, ինչպես տեղեկացնում է АЗЕРТАДЖ-ը, ս.թ. փետրվարի 8-ին, «Ենի Ազերբայջան» կուսակցության (այսուհետ՝ ԵԱԿ) VI համագումարում, որին մասնակցում էին ԵԱԿ-ն ներկայացնող 700 հազար անդամների պատվիրակները, ելույթով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կարելի էր և անուշադրության մատնել սույն երևույթը, եթե չլիներ, ըստ իս, մի շատ կարևոր հանգամանք, այն է. չնայած ափշերոնցի հռետորի ելույթում պարունակվող գնահատականների, մեղմ ասած, անհավասարակշռության ակնհայտ նշանների առատությանը՝ երկար տարիների ընթացքում առաջին անգամ նրա խոսքում նկատվեց ամենամոտ ապագային միտված գործողությունների հստակ ռազմավարություն։ Ռազմավարություն, որի հեղինակն, անկասկած, Ի.Ալիևը չէ։ Նա ընդամենը գործիք է տիկնիկավարների ձեռքին, որոնք երազում են ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում և Իրանում, այլ նաև Ռուսաստանի Դաշնության հյուսիսկովկասյան հանրապետություններում։ Ապակայունացման ռազմավարության հեղինակներն այն երկրների ազդեցիկ քաղաքական ուժերն են, որոնք երազում մղձավանջներ են տեսնում լոկ այն կատարված փաստի գիտակցումից, որ Ռուսաստանը վստահ վերադառնում է Մերձավոր Արևելք որպես ամենագործուն դերակատար աշխարհի այդ բարդ և պայթյունավտանգ տարածաշրջանում։ Այն գիտակցումից, որ սա ռազմաքաղաքական նոր իրողություն է, որը վերանայման ենթակա չէ։ Անվիճելի է, որ Սիրիայում և այդ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը խափանել է նրանց ծրագրերը, ովքեր հրահրել են ներսիրիական հակամարտությունը՝ հույս ունենալով, որ դրանով նպաստավոր պայմաններ կստեղծվեն, որպեսզի Սիրիան՝ որպես հիմնական խաղացողներից մեկը, դուրս մնա ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունից։ Չէ՞ որ, եթե նման բան լիներ, ապա լայն հնարավորություններ կբացվեին, օրինակ, Թուրքիայի և Իսրայելի համար՝ մերձավորարևելյան տարածաշրջանում իրենց հեգեմոնիան հաստատելու առումով։ Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ դիրքորոշմանը, ապա, Իսրայելի գլխավոր ռազմավարական դաշնակիցը և ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցը լինելով՝ Միացյալ Նահանգները ուժերի վերը ներկայացված դասավորության պարագայում միշտ էլ այդ տարածաշրջանում իր ռազմավարական շահերը ոչ միայն պահպանելու, այլև ամրակայելու միջոց կգտներ։ Ընդ որում՝ նշենք, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի թվացյալ մերձեցումը լոկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի պարզունակ քաղաքական «կուրաժն» է՝ բյուզանդական նենգության վատագույն ավանդույթներով կատարված։ Ի դեպ, Էրդողանի քաղաքականությունը կարճաժամկետ հեռանկարում կարող է նրա համար դիվիդենդներ ապահովել ինչպես երկրի ներսում, այնպես էլ քաղաքական սակարկությունների ընթացքում, որոնք հետապնդում են ՆԱՏՕ-ի գծով գործընկերներին և, առաջին հերթին, ԱՄՆ-ին իրեն ավելի թանկ վաճառելու նպատակ։

Ընթերցողն իրավացիորեն կարող է հարց տալ. իսկ ի՞նչ կապ ունի այստեղ ԵԱԿ VI համագումարում ափշերոնցի սուլթանի արտասանած ճառը։ Այս հարցին պատասխանելու համար մի քանի մեջբերումներ կատարենք այդ «պատմական» ելույթից. «Պետք է նշեմ նաև, որ մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերը։ Դա պետք է դառնա մեր հետագա գործունեության կողմնորոշիչը, ինչպես և մենք այսօր էլ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մեր պատմական հողերն են Իրևանի խանությունը, Զանգեզուրը, Գեյչան։ Այս մասին պետք է իմանա և՛ երիտասարդ սերունդը, և՛ ողջ աշխարհը։ Ուրախ եմ, որ այս հարցի՝ մեր բուն հողերի պատմության հետ կապված, այսօր ստեղծվում են պատկառելի գիտական աշխատություններ, նկարահանվում են ֆիլմեր, կազմակերպվում են ցուցահանդեսներ։ Առաջիկա տարիներին մենք պետք է ավելի ակտիվ լինենք այս ուղղությամբ, աշխարհի տարբեր անկյուններում պետք է իրականացվեն ցուցահանդեսներ, շնորհանդեսներ։ Որովհետև Իրևանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ հողեր։ Սա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է, և մենք պետք է մոտենանք դրան»։ Այո, նման բան կարդալով կարելի է հասկանալ սույն մտավարժանքին ռուս հայտնի հրապարակախոս Ալեքսանդր Նևզորովի գնահատականի օբյեկտիվությունը, որը նա տվել է 2018թ. փետրվարի 14-ին, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերից, իր հեղինակային «Նևզորովյան չորեքշաբթիներ» հաղորդման ժամանակ։ Պատասխանելով թղթակից Օլգա Ժուրավլյովայի՝ վաղածին մանուկների հանդեպ վայրի վերաբերմունքի առանձին դրսևորումների մասին հարցին, որոնց որոշ վայրերում անգամ թաղել չեն թույլատրում, Ալեքսանդր Գլեբովիչը, զուգորդելով դեպքերը, մտաբերեց վայրի և նենգ վերաբերմունքի մեկ այլ դրսևորում, որը տեղ էր գտել ԵԱԿ VI համագումարում Ի.Ալիևի  ելույթում. պետք է կարծել, որ նրա գիտակցության մեջ զուգահեռ անցկացվեց այսօրվա Ադրբեջանի բարքերի հետ, որը կոպտորեն խեղաթյուրում է պատմությունը, ինչը հղի է կործանարար հետևանքներով մարդկանց ճակատագրի համար։ Ի՞նչ ասաց Ալեքսանդր Նևզորովն իր հեղինակային հաղորդման ժամանակ. «Էլի մի շատ կարևոր հարց է այսօրվա Ադրբեջանի մասին հարցը։ Եվ իմ խոսքերի հիանալի ցուցադրումն է այն, թե ինչու և ինչի համար է պետք պատմությունը և ինչից է այն սարքվում, այն մասին, որ դա զարմանալի հումք է, որից կարելի է սարքել ինչ ուզես։ Եվ այնտեղ մենք ունենք հարգելի Ալիևին, որը պարզապես, թվում է, վտանգավոր գիժ է՝ Երևանի մասին իր խոսակցություններով... Կա մոլագար Էրդողանը... Պորոշենկոն մի առանձին պտուղ է։ Կա զզվելի Ասադը։ Բայց անգամ այս պերսոնաժների ֆոնին մենք ունենք այդ վտանգավոր գժին Ադրբեջանում։ Այ, նրան ես ոչ թե ածելի, անգամ մեկ սանտիմետրից ավելի մեծ մեխ թույլ չէի տա, որ տային, և ավելի լավ կլինի առհասարակ դրանց փոխարեն ատամփորիչ տալ հարգարժան Իլհամին։ Նա չէ՞ որ տեսակետ է հայտնել, թե հարկավոր է վերամիացնել Երևանը, վերադարձնել։ Դե, ասենք թե՝ լավ, նախագահական մարազմ է, նախագահական հնարք։ Բայց անմիջապես վրա տվեցին ակադեմիկոսները, պատմաբանները և հիմնավորեցին, պետք է ասել, նախագահական այդ զառանցանքը։ Եվ այդ առասպելն արդեն ստեղծվել է, և այն ապրելու է, և այն երբևէ, վաղ թե ուշ, և՛ արյունահեղություն, և՛ բեկումներ, և՛ ատելության ակնհայտ բռնկումներ է առաջացնելու։ Սա՝ այն խոսակցության մասին, թե ինչպես են արվում, այ, հիմա մենք մեր աչքով տեսանք, պատմական ֆեյքերը»։ Դժվար է չհամաձայնել Ալեքսանդր Գլեբովիչ Նևզորովի այս անկեղծ, խոր և շատ արդարացի գնահատականների հետ։ Ակամա հարց ես տալիս. մի՞թե Ի.Ալիևը չգիտի, որ Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետություն է։ Մի՞թե նրա նախանձախնդիր երկրպագու-պաշտողներից ոչ մեկը չի տեղեկացրել նրան, որ ՀԱՊԿ Կանոնադրության 7-րդ հոդվածում (2010թ. դեկտեմբերի 10-ի փոփոխություններով) գրված է. «Կազմակերպության նպատակներին հասնելու համար անդամ պետությունները նրա շրջանակներում հավաքական անվտանգության գործուն համակարգի ձևավորման համատեղ միջոցներ են ձեռնարկում, որն ապահովելու է հավաքական պաշտպանություն անվտանգությունը, կայունությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի ծագման դեպքում և հավաքական պաշտպանության իրավունքի իրագործումը, ներառյալ Կազմակերպության կոալիցիոն (հավաքական) ուժերի ստեղծումը»։ Ավելին, ինչի՞ և ո՞ւմ վրա էր հույսը դնում Ի.Ալիևը, երբ իր ելույթով ոչ միայն արհամարհում, այլև, ըստ էության, ջնջում էր 2009-2013թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հինգ համատեղ հայտարարությունների բովանդակությունը։ Ընթերցողներին հիշեցնեմ, որ այդ հայտարարություններից յուրաքանչյուրում կարմիր թելի պես անցնում է միտքը, որն առավել լիովին բացահայտվում է նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Օլանդի հինգերորդ համատեղ հայտարարությունում՝ ընդունված 2013թ. հունիսին Էնիսկիլենում (Հյուսիսային Իռլանդիա) անցկացված «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում։ Մեջբերում կատարեմ այդ փաստաթղթից. «Մենք (ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները- Ա.Գ.), ինչպես և նախկինում, լիովին համոզված ենք, որ մեր երկրների՝ վերջին չորս տարիներին արված հայտարարություններում պարունակվող դրույթները պետք է դառնան ղարաբաղյան հակամարտության արդար և կայուն կարգավորման հիմքը։ Այդ դրույթները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, քանի որ դրանցից որոշներին մյուսների հանդեպ նախապատվություն տալու յուրաքանչյուր փորձ բացառում է հավասարակշռված որոշում ընդունելու հնարավորությունը։ Մենք հաստատում ենք, որ միայն բանակցությունների միջոցով ձեռք բերված կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության և հաշտեցման՝ հնարավորություններ բացելով տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար։ Ռազմական ուժի կիրառումը, ինչի արդյունքում ստեղծվել է հակամարտայնության և անկայունության ընթացիկ իրավիճակը, հակամարտությունը չի լուծի։ Մարտական գործողությունների վերսկսումը աղետալի հետևանքներ կունենա տարածաշրջանի բնակչության համար և կհանգեցնի մարդկային զոհերի, հետագա ավերածությունների, փախստականների թվի ավելացման, հսկայական ֆինանսական ծախսերի։ Մենք վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերի ղեկավարներին մեկ անգամ ևս հաստատել հավատարմությունը Հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքներին։ Մենք նաև դիմում ենք նրանց համառ խնդրանքով՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել հակամարտության սրման»։

Եվ ինչպե՞ս հարաբերակցել այս հորդորի հետ Ի.Ալիևի՝ ԵԱԿ VI համագումարում արտաբերած «գոհարները», երբ ինքնամոռաց հայտարարում էր. «Իհարկե, ռազմական ոլորտում մեր կողմից վարվող քաղաքականությունը լիովին արդարացրել է իրեն։ Մենք արդեն շատ տարիներ իրականացնում ենք այդ քաղաքականությունը... Հիմա բոլոր միջազգային վարկանիշներն արտացոլում են մեր բանակի ուժը։ Այդ ուժը թույլ է տալիս մեզ լուծել ցանկացած խնդիր։ 2016թ. ապրիլյան մարտերը թշնամուն և ողջ աշխարհին ցույց տվեցին, թե ինչի է ընդունակ ադրբեջանական բանակը։ Մեր փառահեղ պատմական հաղթանակը մարտադաշտում, իհարկե, ստեղծում և ստեղծելու է նոր հնարավորություններ հարցի արդարացի լուծման համար։ Առաջիկա տարիներին կարվի անհրաժեշտ ամեն ինչ ռազմական պոտենցիալի ուժեղացման, բանակաշինության համար»։ Ահա այսպես է ափշերոնցի սուլթանը հասկանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համառ հորդորները ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառման մասին»։ Ընդ որում, հարկ է առանձնապես ընդգծել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների մոտեցումները ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ նախագահների կողմից Էնիսկիլենում 2013թ. ընդունված համատեղ հայտարարությունից հետո անցած ժամանակաշրջանում չեն փոխվել։ Այսպես, 2017թ. դեկտեմբերին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի (Վիեննա) արդյունքներով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ արտգործնախարարը, ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչը, կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որում նշվում է. «Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներս, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականը, մնում ենք միակարծիք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործին մեր հավատարմության մեջ՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնական, այդ թվում ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»։

Իսկ ինչ վերաբերում է Ի.Ալիևի՝ վերը բերված հոխորտանքին «2016թ. ապրիլյան մարտերի մասին, որոնք ցույց տվեցին, թե ինչի է ընդունակ ադրբեջանական բանակը», ապա, «ի հաստատումն» այս հերյուրանքի, մեջբերենք Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Ն.Սադիկովի զեկուցագիրը պաշտպանության նախարար Զ.Հասանովին, որում խոսվում է ադրբեջանական բանակի մարդկային կորուստների իրական թվաքանակի մասին։ Այսպես, 2016թ. ապրիլի 2-6-ը Ադրբեջանի Զինված ուժերի կորուստը կազմել է՝ 558 սպանված (նշենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերի կորուստը 5,5 անգամ ավելի քիչ է եղել- Ա.Գ.) և 1293 վիրավոր։ Ստորև ներկայացնում ենք վերը նշված զեկուցագրի տեքստը (բնօրինակի պատճենը կցվում է).

 

Ադրբեջանական Հանրապետության պաշտպանության նախարար,

գեներալ-գնդապետ Զ.Հասանովին

 

Հարգելի պարոն նախարար,

Զեկուցում եմ Ձեզ, որ ապրիլի 2-ից մինչև 6-ը ԱՀ ԶՈւ անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել են 558 սպանված և 1293 վիրավոր զինծառայող։ Վիրավոր զինծառայողներից 58-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 558 զոհված զինծառայողներից 52-ի անձը պարզել անհնար է թվում։

Զոհվածներից 205-ը ՊՆ հատուկ նշանակության զորքերի զինծառայողներ են։ Նրանցից 98-ը զոհվել է հարձակողական մարտական գործողությունների ժամանակ, որոնք իրականացվել են Թալիշ-Աղդերե (Մարտակերտ), 32-ը՝ Ֆիզուլի- Ջեբրաիլ, իսկ 75-ը՝ կենտրոնական ուղղություններով։

ԱՀ բնակչության կողմից Զինված ուժերի հանդեպ բացասական քննադատությունը, բանակի անձնակազմի բարոյամարտական ոգու հետագա անկումը և անձնակազմի խուճապային տրամադրությունները բացառելու նպատակով առաջարկում եմ.

1. ԱՀ ԶՈւ զոհված զինծառայողների դիակների հանձնումը չիրականացնել միաժամանակ (շաբաթը՝ մոտ 60)։ Զոհված զինծառայողների թաղման արարողությունները, ծնողների հետ համաձայնեցմամբ, կատարել գիշերային ժամերին՝ վերահսկողության տակ։ Զոհվածների ընտանիքներին ՊՆ ֆոնդից հատկացնել 5 հազարական մանաթ։

 

Գեներալ-գնդապետ Ն.Սադիկով  

 

 

Ադրբեջանի ԶՈւ կրած իրական կորուստների մասին բնակչությանն ապատեղեկացնելով՝ Ի.Ալիևը ճամարտակում է այն մասին, թե, իբր. «Մեր (ասել է թե՝ ադրբեջանական- Ա.Գ.) գործողությունների արդյունքում Հայաստանը վերածվել է քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային փակուղու, և այդ երկրի հետագա զարգացումը, իհարկե, շատ մթին է»։ Ափշերոնցի սուլթանի համար, ըստ երևույթին, 2015թ. հունվարից Հայաստանի անդամությունը Եվրասիական տնտեսական միությանը և, առավել ևս, 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում պաշտոնական Երևանի կողմից «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի» ստորագրումը «քաղաքական փակուղու», որում, իբր, հայտնվել է Հայաստանը, բավական տարօրինակ հաստատումն է։ Իսկ «տնտեսական փակուղու», որում, Ի.Ալիևի կարծիքով, իբր հայտնվել է մեր երկիրը, վկայությունն են դարձել, ըստ երևույթին, Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական գործունեության մասին վերջին տվյալները, որոնք այդքան «անխղճաբար» հրապարակվել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ՝ ԱՎԾ) կողմից։ Այսպես, 2017թ. հունվար-դեկտեմբերին, ինչպես վկայում է ԱՎԾ-ն («Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-դեկտեմբերին», էջ 124), Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն անցած տարի, 2016թ. համեմատ, ապահովել է 126,9% աճի տեմպ, ընդ որում՝ ԱՊՀ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռն ընդհանուր ծավալում կազմել է 30,3%, իսկ Եվրոպական միության երկրների հետ՝ 24%։ Էլ չեմ ասում այն մասին, որ Հայաստանից արտահանման աճի տեմպը 2017թ. հունվար-դեկտեմբերին, 2016թ. համեմատ, կազմել է 125,2%։ Իսկ ինչ վերաբերում է «էներգետիկ փակուղուն», որի մասին անրջում է մեր ափշերոնցի տիրակալը, ապա այստեղ ևս նրան խոր հիասթափություն է սպասվում։ Նշենք միայն, որ Հայաստանի փորձի մասին վերարտադրվող էներգետիկայի ոլորտում, որին էլ պատկանում է ապագան, ինչպես նշվել է 2017թ. նոյեմբերի սկզբին ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի՝ Տաշքենդում կայացած 51-րդ նիստում, առանձնակի նշվեց, և այն համարվեց բավական ուսանելի։ Այնպես որ, ավաղ, Իլհամ Հեյդարովիչի ճիգերն այս պնդման հարցում նույնպես ապարդյուն են, իսկ ամենագլխավորն այն է, որ նա անզոր է խանգարելու Հայաստանի էլեկտրաէներգետիկայի զարգացման ռազմավարական պարադիգմի իրագործմանը, որի հիմքում դրված է վերարտադրվող էներգետիկայի համակողմանի զարգացման ուղեգիծը և որը հենվելու է խոշոր արևային էլեկտրակայանների կառուցման վրա։ Թեև, ըստ երևույթին, մանկական հիշողություններից նրա մեջ տպավորվել է Կորնեյ Չուկովսկու «Գողացված արևը» հեքիաթը, և նա ինքն էլ,  ինչպես և այդ հեքիաթի տխրահռչակ հերոսը՝ կոկորդիլոսը, երևակայում է, թե կկարողանա կուլ տալ գրեթե ամբողջ տարին Հայաստանի վրա շողացող արևը։ Իսկ «եթե ուզենա, ապա լուսինն էլ կուլ կտա»։

Անդրադառնալով Ի.Ալիևի հետագա մտավարժանքներին համակողմանի «փակուղու» մասին, որում, իբր, հայտնվել է Հայաստանը, տպավորություն է ստեղծվում, թե նրա մտքերը ուր որ է տեղափոխվելու են Հայկական ԽՍՀ Սիսիանի շրջանի հեռավոր այն գյուղակը, որտեղ երկար տարիներ ապրել է Հեյդար Ալիևի ընտանիքը։ Պետք է խոստովանել, որ այդ գյուղակը, ավաղ, շատ հետամնաց էր, ինչն էլ, դատելով ըստ ամենայնի, իր բացասական կնիքն է դրել գյուղացիների հաջորդ սերունդների գիտակցության վրա։ Այս առնչությամբ կուզենայի պարզապես հիշեցնել Ի.Ալիևին, որ XXI դարում, երբ բուռն զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները և այլն, և այլն, նա անզոր է մեկուսացնել Հայաստանը «միջազգային բոլոր նախագծերից», որոնք նրա գիտակցության մեջ զուգորդվում են լոկ նավթա- և գազամուղների հետ, որոնք, սակայն, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի սանձազերծման դեպքում մի ակնթարթում կարող են պայթեցվել։ Կարծում եմ, Իլհամ Հեյդարովիչը լսելով չէ, որ գիտե, որ նավթն ու գազը դյուրավառ են և երկար են այրվում։

Արտաշես Գեղամյան,

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ,

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ        

Արտաշես Գեղամյանը և Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վիկտորովիչ Վոլոդինը «Արտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է» գիրքը հանձնելիս՝ հասցեագրված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին։ Մոսկվա, 14 փետրվարի 2018թ.։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am