Բնապահպանական թեմաներով պատմվածքների մրցույթի հաղթողներին պարգևատրելու համար հատկացվել են դրամաշնորհային միջոցներ

Armenpress 15:46, 16 Փետրվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակության մոտ բնապահպանական մշակույթ ձևավորելը ՀՀ բնապահպանության նախարարության հիմնական գործառույթներից է և այդ նպատակով պարբերաբար իրականացվում են էկոկրթական և հանրային իրազեկման ծրագրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից, հերթական էկոկրթական միջոցառումը կայացել է ՀՀ Սյունիքի մարզում՝

ՀՀ բնապահպանության նախարարության ներքո իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի ընթացքում մարզի համայնքների դպրոցների աշակերտների և չափահաս բնակիչների համար անց է կացվել կարճ պատմվածքների մրցույթ՝ «Մարդը և վայրի բնությունը» և «Իմ գյուղի անցյալը, ներկան և ապագան» թեմաներով:

Մրցույթին մասնակցել են 7 համայնքի 96 քաղաքացի, որից՝ 49 դպրոցական և 47 չափահաս բնակիչ: Պատմվածքներում ներկայացվել է բնապահպանական՝ մասնավորապես շրջակա միջավայրի պահպանման հիմնախնդիրների, բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման, ինչպես նաև ՀՀ կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի պահպանմանը նվիրված թեմաներ: Դրանցում նկարագրվել են նաև իրենց հայրենի գյուղը՝ նրա չքնաղ բնությունը: Պատմվածքներում ակնառու էր բնակիչների սերն իրենց գյուղի, բնության հանդեպ:

Մրցույթի մասնակիցներն անց են կացրել  քննարկումներ՝ պատմվածքների բովանդակության, նրանցում բարձրացված հարցերի լուծման  վերաբերյալ: Քննարկումներին մասնակցել են նաև  համայնքների այլ բնակիչներ, ովքեր բարձրացված խնդիրների վերաբերյալ արտահայտել են իրենց կարծիքը։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված լավագույն պատմվածքների հեղինակները պարգևատրվել են դրամական միջոցներով: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված լավագույն պատմվածքների հեղինակները պարգևատրվել են դրամական միջոցներով։ Մասնավորապես՝ 1-ին տեղ զբաղեցրած 11 անձ պարգևատրվել է 57 000 ական ՀՀ դրամով, 2-րդ տեղ զբաղեցրած 11 անձ՝ 42 700 ական  ՀՀ դրամով, 3-րդ տեղ՝ 10 անձ 28 400 ական ՀՀ դրամով, 16 այլ մասնակիցներ ևս ստացել են խրախուսական դրամական պարգևներ։ Ընդանուր առմամբ պատմվածքների համար հայտարարված մրցույթի մրցանակային տեղեր զբաղեցնողներին և խրախուսական պարգևներ ստացողներին հատկացվել է 1.744.320 ՀՀ դրամ։

Նման մրցույթ-քննարկումների նպատակն է խորացնել բնակիչների գիտելիքները և սերը բնության հանդեպ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am