Դավիթ Տոնոյանը Սոչիում մասնակցել է ներդրումային ռուսական 17-րդ ֆորումին

Armenpress 19:25, 15 Փետրվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով գտնվում է ՌԴ Սոչի քաղաքում՝ մասնակցելու ներդրումային ռուսական 17-րդ ֆորումին, որը համարվում է ՌԴ ներդրումային և տնտեսական ներուժը ներկայացնող արդեն ավանդական դարձած հարթակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, միջոցառման հիմնական նպատակը պետություն-մասնավոր բիզնես փոխգործակցության նոր մեխանիզմների ներդրման միջոցով վերահսկողական և տեսչական բարեփոխումների իրականացումն է:

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԻ նախարարը նշել է, որ այս ֆորումն աղետների ռիսկի նվազեցման ոլորտում փորձի փոխանակման յուրահատուկ հարթակ է. «Ժամանակակից մարտահրավերները ստիպում են մեզ ոլորտի պետական քաղաքականությունը մշակելիս առավել ակտիվ ներգրավել մասնավոր հատվածի հնարավորությունները աղետների ռիսկի կառավարման գործընթացում՝ նպատակային ներդրումների տեսքով»,- ասել է Տոնոյանը:

Ֆորումի շրջանակում ՀՀ ԱԻ նախարարը հանդես է եկել նաև «Պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացումը որպես Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման ոլորտ մասնավոր ներդրումների ներգրավման հիմք» զեկույցով:

Իր ելույթում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ՀՀ ԱԻ նախարարության նախաձեռնությամբ մշակված Աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավման հայեցակարգի նախագիծը, որի նախապատրաստման համար հիմք են հանդիսացել ՄԱԿ-ի կողմից ընդունված Սենդայի ԱՌՆ 2015-2030թթ. գործողությունների ծրագիրը (ՍԳԾ) և ՀՀ կառավարության կողմից հաստատված Հայաստանի աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ազգային ռազմավարությունը:

Որպես Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակներ՝ նախարար Դավիթ Տոնոյանը նշել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պատրաստվածության բարձրացումը հնարավոր արտակարգ իրավիճակներին դիմակայելու համար և գյուղատնտեսության բնագավառում մասնավոր ներդրումների պաշտպանությունը հնարավոր կարկտահարությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am