«Եվրատեսիլ» երգի մրցույթը հրաշալի հարթակ է հանրության լայն շրջանակին ներկայանալու համար. «Նեմրա»

Armenpress 15:28, 14 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու ցանկություն հայտնած «Նեմրա» (Nemra) ալտերնատիվ ռոք խմբի անդամները կարծում են, որ այն ընդարձակ հարթակ է համաշխարհային հանրության առաջ ելույթ ունենալու համար:

«Մրցույթին մասնակցելու որոշում կայացրեցինք մեր երկրպագուների շնորհիվ` տեսնելով նրանց հորդորող մեկնաբանությունները «Դեպի եվրատեսիլ» նախագծի հրապարակումների տակ: Հետաքրքրվելով նախագծի կանոններով` հասկացանք,  որ կարող ենք հնչեցնել մեր սեփական երգը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Նեմրա» խմբի մեներգիչ Վանը:

Խմբի «I’m a liar» (Ես ստախոս եմ) երգն անկեղծ երիտասարդի մասին է, ով խոստովանում է իր այդ թերությունը: Երգը հասցրել է սիրվել և մասսայականություն վայելել Հայաստանում: Վանը խոստովանեց, որ այն իրենց միակ գործն էր, որի տևողությունը համապատասխանում է նախագծի կանոններին:

Խմբի անդամները ընդգծեցին, որ իրենք այնքան էլ չեն կարևորում շոու հասկացությունը` շեշտելով, որ խարիզմատիկ երգիչը, պարզապես բեմում կանգնած երգելով, կարող է իր կատարմամբ ու էներգիայով գրավել երաժշտասերներին, ինչպես հաճախ պատահել է «Եվրատեսիլի» պատմության ընթացքում:

Եվրատեսիլի հայաստանյան փուլի առաջին կիսաեզրափակիչը կկայանա փետրվարի 19-ին, իսկ երկրորդ կիսաեզրափակիչը 22-ին, եզրափակիչ փուլը տեղի կունենա փետրվարի  25-ին, և պարզ կդառնա, թե ով է մեր երկիրը ներկայացնելու մրցույթում:

«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանի ներքո բոլորը հրավիրվում են Եվրոպայի երաժշտության տոնին:

Թվով 63-րդ մրցույթի մասնակիցների ցուցակում են Ռուսաստանը, Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Իռլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սան Մարինոն և այլ երկրներ:

«Եվրատեսիլ-2018»-ի եզրափակիչները կկայանան մայիսի 8-ին և 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին:

«Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի այն արտիստը, ով կդառնա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը: Այս եթերաշրջանում երգիչները կկարողանան ներկայանալ իրենց երգերով եւ հաղթելու պարագայում տվյալ ստեղծագործությունն էլ հնչեցնել «Եվրատեսիլ- 2018»-ին: Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am