Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում երթևեկության փոփոխություն կլինի

Armenpress 14:59, 14 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհի 51,500-56,500 կմ հատվածում փետրվարի 14-ից կկատարվի երթևեկության փոփոխություն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Աջակողմյան երթևեկելի գոտու ասֆալտե ծածկույթով ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների պատճառով ճանապարհի այդ հատվածը ժամանակավորապես կփակվի։ 

Տրանսպորտային միջոցների երթևեկը նշված հատվածում կկազմակերպվի ձախակողմյան երթևեկելի գոտու արդեն վերակառուցված բետոնապատ ճանապարհով։ 

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ի շինարարությունն իրականացնում է իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը: Կառավարման խորհրդատուն և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպությունը ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am