Արմեն Սարգսյանը ծանոթ չէ Երևանի ավագանու սկանդալային միջադեպին և չի ցանկանում մեկնաբանել այն

Armenpress 14:33, 14 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը տեղյակ չէ նախօրեին Երևանի ավագանու նիստի ընթացքում գրանցված սկանդալային միջադեպին և չի ցանկանում մեկնաբանել այն` առանց խնդրին տեղյակ լինելու: Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ փետրվարի 13-ին, երբ գրանցվել է այդ միջադեպը, ինքը Գյումրիում է եղել:

«Երեկ ամբողջ օրը եղել եմ Գյումրիում և ամբողջությամբ ներգրավվել էի այդ քաղաքի խնդիրների մեջ` իր դժվարություններով, ցավերով, նաև` հաջողություններով: Եկեղեցում ինձ մի տարեց մարդ մոտեցավ և մարդկային ձևով պատմեց իր դժվարության մասին և խնդրեց, որ ես այն ներկայացնեմ հանրապետության նախագահին, ինչը ես պատրաստվում եմ անել: Այնպես որ, այդ միջադեպից տեղյակ չեմ: Երբ տեղեկանամ, կկարողանամ պատասխանել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սարգսյանը:

Այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ ցանկացած բռնություն իր համար ընդունելի չէ: «Ես մարդ եմ, ով միշտ ցանկանում է գնալ երկխոսության, քննարկման և մարդկային հարաբերությունների ճանապարհով: Ցանկացած բռնություն վերևից ներքև և ներքևից վերև ինձ համար անընդունելի է»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am