Երևանում մեկնարկեց Քշիշտոֆ Պենդերեցկու հոբելյանին նվիրված փառատոնը

Armenpress 21:15, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակին նվիրված փառատոնին կհնչեն մի շարք ստեղծագործություններ, որոնք Հայաստանում դեռ չեն կատարվել: Պենդերեցկու հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց փետրվարի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Պենդերեցկին իր ներկայությամբ պատվեց փառատոնը:

Նա նշել է, որ ինքը մի քանի անգամ եղել է Հայաստանում, և իր համար առանձնակի կարևոր է, որ այն սկսվում է Երևանից: Պենդերեցկու խոսքով` միշտ սիրով է վերադառնում Հայաստան, կնոջ հետ ունկնդրում բարձրորակ երաժշտություն և իրեն զգում ինչպես տանը, միայն հայոց լեզվին չի տիրապետում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`փառատոնի բացմանը  Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրեց Պենդերեցկու ջութակի թիվ 2 կոնցերտը` «Մետամորֆոզներ» (մենակատար` Մարթա Կովալչեկ, ջութակ), ինչպես նաև թիվ 5 սիմֆոնիան` «Կորեական»:

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Պենդերեցկուն մերօրյա Բրամս անվանեց՝ ընդգծելով, որ կոմպոզիտորը 60-ականներին էքսպերիմենտալ, գերնոր երաժշտություն է գրել, այնուհետև ավելի դյուրամարս գործել ստեղծել, որոնք անգնահատելի են:

«Հաճախ եմ մտածում, որ այսօր բավականին դժվար է երաժշտություն գրել. չեմ կարծում, որ Մոցարտի պես մեկը կծնվի, քանի որ բոլոր նոտաների հետ, կարծես թե, ամեն բան արված է, բայց կա Պենդերեցկին, որը, իսկական երաժշտության վրա խաչ չքաշելով, յուրահատուկ և հրաշալի երաժշտություն է ստեղծում: Նրա նման երկրորդին չեմ ճանաչում»,-խոստովանեց Թոփչյանը:

Գեղարվեստական ղեկավարն անդրադարձավ նաև լեհ երաժիշտ Մարթա Կովալչեկին և ասաց, որ իրեն դուր է գալիս, թե ինչպես է Կովալչեկը ներկայացնում թիվ 2 կոնցերտը: «Կան կատարումներ, որոնք վիրտուոզ են, փայլուն, բայց կոնցերտի խորությունը, լիրիկան  կարծես թե մինչև վերջ չեն կայացնում: Մարթային  հաջողվել է դա անել»,-եզրափակեց Էդուարդ Թոփչյանը:

Համերգն անցավ բուռն ծափահարությունների ներքո:

Փառատոնի շրջանակում փետրվարի 15-ին «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ կհնչեն Քշիշտոֆ Պենդերեցկու երգչախմբային ստեղծագործությունները:

Ամսի 16-ին կանցկացվի Պենդերեցկու կամերային երաժշտության երեկո: Հանդես կգան ջութակահար Մարթա Կովալչեկը և դաշնակահար Սոմի Կիմը, ակորդեոնահար Մայեչ Ֆրոնցկիևիչը, ինչպես նաև Մեկորե լարային քառյակը:

Փառատոնի փակման համերգին` փետրվարի 17-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային երգչախմբերը կներկայացնեն Սիմֆոնիա թիվ 7 «Երուսաղեմի յոթ դարպասները» մեծակտավ ստեղծագործությունը: Մենակատարներն են սոպրանոներ Իվոնա Հոսսան և Կարոլինա Սիկորան, մեցո-սոպրանո Մալգորզատա Պանկոն, տոներ Ալեքսանդր Կունախը, բաս Պյոտր Նովացկին, ասմունքող Սլավոմիր Հոլանդը:

Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտի 85-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am