«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշել է միավորվել «Օրինաց երկիր»  կուսակցությանը

Armenpress 20:54, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր արտահերթ համագումարում կայացրել է «Օրինաց երկիր» կուսակցությանը միավորվելու որոշում։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. ««Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր արտահերթ համագումարում քննության է առել կուսակցության հետագա գործունեության խնդիրները և ընդունել է հետևյալ որոշումները.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ

ի սկզբանե «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադրման ակունքում դրված էր կուսակցությունների միավորման միջոցով նոր քաղաքական ուժի հիմնադրումը և այդ գործընթացը չհասավ իր նպատակին, քանի որ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններից առաջ մի շարք կուսակցություններ դադարեցրին իրենց անդամակցությունը, նախկինում լուծարված և «Հայկական վերածնունդ» կուսակցությանն անդամակցած կուսակցություններ դիմել են «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին` վերակազմակերպման միջոցով առանձնանալու հարցով, միաժամանակ, ինչպես այդ մասին բազմիցս ընդգծվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով, «Հայկական վերածնունդ» կուսակցության կազմակերպչական և ռեսուրսային հիմք էր հանդիսանում «Օրինաց երկիր» կուսակցությունը։

ՀՎԿ արտահերթ համագումարը որոշել է բավարարել դիմած և նախկինում լուծարված կուսակցությունների դիմումը, եթե այն նախատեսված է ՀՀ գործող օրենսդրությամբ` հնարավորություն տալով միաձուլման միջոցով «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միացած քաղաքական ուժերին` առանձնացման միջոցով վերակազմակերպվել:

Ելնելով վերոգրյալից՝ տեղեկացնում ենք, որ «Հայկական վերածնունդ»  կուսակցությունը պատրաստ է միավորված կուսակցություններին առանձնացման նպատակով վերակազմակերպվելու ցանկություն հայտնող կուսակցություններին տրամադրել օրենքով սահմանված փաստաթղթերը:

Նշված գործընթացն ավարտելուց հետո «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում է միավորվել «Օրինաց երկիր»  կուսակցությանը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am