Ավագանին հաստատել է «Երևան-Խելացի քաղաք» տեխնոլոգիական հիմնադրամ ստեղծելու մասին քաղաքապետի որոշումը

Armenpress 20:12, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու փետրվարի 13-ին կայացած  նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հաստատել է «Երևան-Խելացի քաղաք» տեխնոլոգիական հիմնադրամ հիմնադրելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» Երևանի քաղաքապետի որոշումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավագանու որոշման նախագիծը ներկայացնող աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը նշել է, որ Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 13-ի կարգադրությամբ ստեղծված «Երևան-Խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովը, որում ընդգրկված են նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ, նպատակ ունի տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ բարելավելու Երևան քաղաքի բնակիչների կյանքի պայմանները, կատարելագործելու բնակիչներին և զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների որակը, որի ապահովման ուղղությամբ արդեն իսկ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Միաժամանակ նշվել է, որ «Երևան-Խելացի քաղաք» ծրագիրը լիարժեք և առավել արագ ու արդյունավետ կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր ստեղծել շահույթ չհետապնդող կազմակերպություն, ինչը և արվել է Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 23-ի որոշմամբ՝ ստեղծելով «Երևան-Խելացի քաղաք» տեխնոլոգիական հիմնադրամ, որը կգործի որպես ինքնուրույն իրավաբանական անձ: Նույն որոշմամբ հաստատվել է նաև վերոնշյալ հիմնադրամի կանոնադրությունը:

 «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ համայնքի կողմից կամ դրանց մասնակցությամբ հիմնադրամի հիմնադրումն իրականացվում է համայնքի ղեկավարի որոշմամբ՝ համայնքի ավագանու հաստատմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am