Քաղաքապետարանի և ԵՄ ստորագրած պայմանագրով Երևանի 90 շենքերում կիրականացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ

Armenpress 19:58, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հաստատել  է Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական միության միջև 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված դրամաշնորհային պայմանագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ ծրագրի նպատակն է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և ապահովել էներգախնայողություն՝ շուրջ 90 բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության միջոցառումների իրականացման և տանիքներին արևային ֆոտովոլտային համակարգեր տեղադրելու միջոցով: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլն 250 հազար եվրո է, որից 1 մլն եվրոն Եվրոպական Միության դրամաշնորհն է, իսկ 250 հազար եվրոն՝ Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2018-2019 թվականների ընթացքում, որի արդյունքում կապահովվի տվյալ շենքերի վերելակների, ընդհանուր օգտագործման և բակային տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարումը, շքամուտքերում, բակային տարածքներում կտեղադրվեն LED լուսատուներ, իսկ էներգախնայողության միջոցառումներից և վերականգնվող էներգիայի կիրառումից արտանետումների կրճատումը կկազմի տարեկան 844 տոննա CO2:

Ավագանու անդամները քննարկել և հաստատել են Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական Միության միջև 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված դրամաշնորհային պայմանագիրը:

Երևանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են Երևանի ավագանու հավանությանը: 

Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի 2018 թ. մարտի 19-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am