«Վանաձոր» ՔԿ հիմնարկի պետը կաշառքի դիմաց արտոնություններ է տվել դատապարտյալներին. նոր մանրամասներ

Armenpress 18:26, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների և դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պաշտոնեական դիրքի չարաշահման բազմաթիվ դրվագներ են բացահայտվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Կոստանդյանը նշեց, որ ՀՔԾ քննիչների կողմից շուրջ չորս ամիս  իրականացված քննչական և այլ դատավարական բազմաթիվ գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից պարբերաբար կաշառք է ստացել:

«Հանցագործության մեջ ներգրավված են եղել ինչպես քրեակատարողական հիմնարկի պետը, այնպես էլ հիմնարկի ավագ և կրտսեր խմբի պաշտոնատար անձինք: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի  հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը, մտերիմ հարաբերություններ հաստատելով նույն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող՝ առավելապես հեղինակություն վայելող դատապարտյալների հետ, չարաշահել է պաշտոնեական դիրքը, առանձին դեպքերում թույլատրել դատապարտյալների և նրանց հովանավորության տակ գտնվող  այլ ազատազրկման մեջ գտնվող անձանց անարգել ելք ու մուտք անել իրենց խցերից, իսկ հիմնարկի երեք խցեր գրեթե մշտապես գտնվել են բաց վիճակում: Նշված արտոնությունների, հովանավորության  համար դատապարտյալների կողմից Գևորգ Մկրտչյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք է տրվել»,- ասաց Կոստանդյանը:

Նրա խոսքով` յուրաքանչյուր ամիս դատապարտյալներն ազատության մեջ գտնվող իրենց մտերիմների միջոցով Գևորգ Մկրտչյանին տվել են 250-300 հազար դրամ:

«Կաշառքի գումարները ստանալուց զատ Գևորգ Մկրտչյանն անտեսել է  դատապարտյալների կողմից խցերից ազատորեն ելումուտ անելը, ինչպես նաև թղթախաղերով զբաղվելը, արգելված իր հանդիսացող հեռախոսների օգտագործումը, հիմնարկի խցերում կատարվող պլանային և ոչ պլանային խուզարկությունների կատարումը»,- ասաց Կոստանդյանը:

Քրեական գործով քննչական խմբի ղեկավարը նշեց, որ քրեակատարողական հիմնարկի 10 պաշտոնատար անձանց տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել:

«ՔԿՀ-ի պատասխանատու հերթապահների պաշտոններ զբաղեցնող բոլոր 4 պաշտոնյաները` Արտակ Պարսամյանը, Անդրանիկ Տիտանյանը,Վարդան Գևորգյանը և Էդվարդ Քառյանը անմասն չեն մնացել կոռուպցիոն այս մեխանիզմում իրենց ներդրումն ունենալուց և նրանցից յուրաքանչյուրն իր հերթապահության օրերին առանձին դրվագներով պայմանավորվածություններ են ձեռք բերել դատապարտյալների հետ մի շարք գործողություններ կատարելու, երբեմն նաև նրանց կողմից անգործություն դրսևորելու համար` չնախատեսված ժամերին քրեակատարողական հիմնարկ է մտցվել սնունդ, արգելված իրեր, ծխախոտ: Դատապարտյալները հնարավորություն են ունեցել առանձնանալու և հիմնականում այլ հեղինակություն վայելող դատապարտյալների ու նրանց մտերիմների հետ մոլախաղերով զբաղվելու, ինչի դիմաց պատասխանատու անձանց գումարներ են տրվել»,- ասաց Կոստանդյանը:

Նշված կոռուպցիոն սխեմայում հատուկ դերակատարում են ունեցել օպերատիվ բաժնի ծառայողները` բաժանմունքի պետ Ռուբեն Կիրակոսյանը և օպերլիազոր Վահե Ամիրխանյանը:

«Նրանք, օրենքով լիազորություններ ունենալով նախականխել, կանխել կատարված հանցագործությունները, մտել են այդ կոռուպցիոն սխեմայի մեջ և տարբեր ապօրինի գործողություններ կատարելու համար գումարներ են ստացել հեղինակություն ունեցող դատապարտյալներից: Քրեակատարողական հիմնարկում պաշտոնեական դիրքի չարաշահում և տարբեր չափերի կաշառք է ստացել նաև ՔԿՀ-ի պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը»,- նշեց Կոստանդյանը:

Գևորգ Մկրտչյանը 2016 թվականի դեկտեմբերից 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2 միլիոն 750 հազար ՀՀ դրամ կաշառք:

«Ընդհանուր ստեղծված իրավիճակում հեղինակազրկվել է քրեակատարողական ծառայությունը, հասարակության աչքին խեղաթյուրվել են պատժի կրման սկզբունքներն  ու նպատակները: Դատապարտյալների կողմից վերացվել էր կանոնադրային շփումը պաշտոնատար անձանց հետ և նրանք շփվել են հավասարը հավասարի հետ, երբեմն նաև հեգնանքով և պահանջով: Բացի այդ, քրեակատարողական հիմնարկի պետը առանձին դատապարտյալներին հրահանգել է  ոչ աշխատանքային օրերին աշխատել անձնական կարիքների համար: Դատապարտյալները 2-3 ժամ նրա հրահանգով փայտ են բարձել մեքենա»,- ասաց Կոնտանդյանը:

Կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, պաշտոնեական դիրքի չարաշահման և դրան դրդելու համար մեղադրանքներ են առաջադրվել. Գևորգ Մկրտչյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ մասի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, Անդրանիկ Թումանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, Ռուբեն Կիրակոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով,  308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով, Էդվարդ Քառյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, Արտակ Պարսամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, Վարդան Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, Անդրանիկ Տիտանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, Վահե Ամիրխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, Միքայել Ղարաքիշյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,Լիաննա Ոսկանյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին  մասով,Կարեն Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով:

Գևորգ Մկրտչյանի, Անդրանիկ Թումանյանի, Էդվարդ Քառյանի և Արտակ Պարսամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մնացած մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քանի որ քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են առանձնապես ծանր, ծանր և հանցագործությունների այլ տեսակների կատարման պատճառների ու նպաստող պայմանների մասին վկայող բազմաթիվ փաստեր, ուստի դրանք վերացնելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան միջնորդագրեր են նախապատրաստվում` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և ՀՀ ոստիկանության ղեկավարությանը ներկայացնելու համար:

Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am