Հայաստանի էլեկտրաէներգետիկական ոլորտում իրականացվում է վերջին 15 տարիների խոշորագույն բարեփոխումներից մեկը

Armenpress 16:28, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում էլեկտրաէներգետիկական ոլորտում իրականացվում է վերջին 15 տարիների խոշորագույն բարեփոխումներից մեկը: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, այդ համատեքստում 2017 թվականը բավական հագեցած տարի էր:

«2017 թվականին մեկնարկել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործընթացը: Սկզբում ՀՀ կառավարության կողմից ընդունվեց այս ամբողջ գործընթացի ծրագիր ժամանակացույցը, որտեղ նախանշված էր մինչև 2021 թվականը  իրականացվելիք քայլերը: Այնուհետև շուկայի ազատականացման համար հիմքեր ստեղծող օրենքների փաթեթը ներկայացվեց Ազգային ժողով, որը երկրորդ ընթերցմամբ ընդունեց այն: Սրանով սկսեցինք վերջին 15 տարվա էլեկտրաէներգետիկական ոլորտի խոշոր ռեֆորմներից մեկը, որով նախատեսում ենք մի քանի  նորամուծություններ»,-ասաց Հայկ Հարությունյանը: Խոսելով սպասվող նորամուծություններից` փոխնախարարը նշեց,  որ լինելու են այլընտրանքային մատակարարներ, երբ սպառողը հնարավորություն է ունենալու բացի «Հայկական էլեկտրական ցանցեր»-ից էլեկտրաէներգիա գնել այլ մատակարարներից: Դրան զուգահեռ «Հայկական էլեկտրական ցանցեր»-ը շարունակելու է մնալ որպես երաշխավորված մատակարար: Այն սպառողը, ով չի ուզում այլընտրանքային մատակարարից օգտվել, ինքը միշտ ունի իր կողքին «Հայկական էլեկտրական ցանցեր»,  որը կարգավորվող գներով իրեն կմատակարարի էլեկտրաէներգիա:

«Հաջորդը` խոշոր սպառողների մուտքն է մեծածախ շուկա, օրենքում դրանք անվանվում են որակավորված սպառողներ, որոնք իրավունք են ունենալու ուղիղ պայմանագրերով էլեկտրաէներգիա գնել արտադրողից և սպառել իրենց կարիքների համար»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ հստակեցվել են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am