Բուլղարիայի Հանրապետության առաջին տիկինը այցելեց Սերգեյ Փարաջանովի թանգարան

Armenpress 15:52, 12 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բուլղարիայի Հանրապետության առաջին տիկին Դեսիսլավա Ռադևան Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի թանգարան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը դիմավորեց առաջին տիկիններին և ներկայացրեց թանգարանում առկա ցուցանմուշները։

Մինչ հյուրերին կինոռեժիսորի գործերին ծանոթացնելը Զավեն Սարգսյանը նշեց, որ իրենք 2008 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ցուցահանդես են ունեցել, որի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Բուլղարիայի Հանրապետության առաջին տիկինը շրջեց թանգարանի սրահներով և ծանոթացավ հանճարեղ արվեստագետի աշխատանքներին։

Դեսիսլավա Ռադևան հիացած էր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններով։

Կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին Թբիլիսիում։ Նա բազմաթիվ հանրահայտ ֆիլմերի հեղինակ է, ինչպիսիք են՝ «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սուրամի ամրոցի լեգենդը» և այլն։

Վախճանվել է 1990 թվականի հուլիսի 21-ին։

Փետրվարի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը։

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am