Աֆղան Մուխտարլին ժամկետից շուտ վերադարձվել է բանտ

Armenpress 18:46, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին, ով 8-ին երկու օրով բանտից ազատ էր արձակվել հարազատների քառասունքին մասնակցելու համար, վաղաժամ վերադարձվել է բանտ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Աֆղան Մուխտարլիի փաստաբան Նեմաթ Քերիմլին դժվարացել է նշել իր պաշտպանյալին վաղաժամ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պատճառները:

«Ես  կարող եմ միայն ասել, որ դա անմարդկային քայլ է»,-նշել է Նեմաթ Քերիմլին:

Աֆղան Մուխտարլին, ով քաղաքական մոտիվներով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, չի հավատում Ադրբեջանի արդարադատությանը և իր վաղաժամ ազատ արձակմանը: Աֆղան Մուխտարլին նշել է նաև, որ տեղյակ է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից իր գործի շուրջ տարվող լուրջ աշխատանքի մասին: «Ամեն ինչ կախված է երկրի նախագահի որոշումից: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի նա»,- նշել է Մուխտարլին: Աֆղան Մուխտարլին փետրվարի 8-ին երկու օրով բանտից ազատ է արձակվել հարազատների քառասունքին մասնակցելու համար: 2017 թ. դեկտեմբերի 31-ին Զաքաթալայի շրջանում գտվող տանը մահացած էին գտել Աֆղան Մուխտարլիի քրոջը և երկու զարմիկներին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am