Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցներն առանձին կհանդիպեն Արմեն Սարգսյանի հետ

Armenpress 18:15, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գագիկ Ծառուկյանը և իր թիմակիցները ՀՀԿ-ի կողմից ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջարկված, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հետ կհանդիպեն առանձին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավարը և հավելեց, որ հանդիպումից հետո իր թիմակիցների հետ կքննարկեն առաջարկներն, ինչից հետո կհրապարակեն իրենց որոշումը։

«Մինչև չհանդիպեմ, չքննարկենք, ոչ մի բան ասելու իրավունք չունենք։ Տեսնենք՝ ինչ է առաջարկում, ըստ այդմ էլ մեր մոտեցումը կասենք»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը։ Արմեն Սարգսյանը առաջարկի մասին մտածելու համար ժամանակ է խնդրել, իսկ այդ ընթացքում հանդիպումներ է ունենում քաղաքական, հասարակական, գիտական շրջանակների հետ։ Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև գիտնականների, շրջանավարտների, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ։ Հանդիպումներ կայացել են նաև Սփյուռքում։ ՀՀ Նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի կունենան մարտի 2-ին։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am