Հայաստանը կփորձի օգտակար լինել աշխարհին Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի միջոցով. Լպուտյան

Armenpress 15:50, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը սեփական աշխատանքի արդյունքում եկել է եզրահանգման, որ շախմատը կրթական համակարգի կարևոր գործոններից մեկն է: Փետրվարի 9-ին Մանկավարժական համալսարանում Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի բացման շրջանակում լրագրողների հետ զրույցում նշեց նա: «Դեռ 2005թ., երբ Սերժ Սարգսյանի հետ քննարկվում էր շախմատը կրթական համակարգում ներդնելու հարցը, եզրակացությունն այն էր, որ դա անհրաժեշտ է իրականացնել։ Երկար նախապատրաստական աշխատանքից հետո 2011 թվականին շախմատը, որպես պարտադիր առարկա, ներդրվեց հանրակրթական համակարգում։ Այդ տարիներից սկսվեցին հետազոտությունները՝ քայլ առ քայլ հասկանալու համար, թե որքանով է կարևոր շախմատը կրթական համակարգում։ Դա նույնն է, երբ մարդն ավելի ու ավելի է բարձրանում լեռան գագաթը, և որքան նա բարձր է, այնքան տեսադաշտն ավելի է ընդլայնվում, լանդշաֆտն ավելի հստակ է երևում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Լպուտյանը:

Նրա դիտարկմամբ` աշխարհը ևս սկսել է գիտակցել ու մեծ ուշադրություն դարձնել այս ուղղությանը։ Ինչպես Սմբատ Լպուտյանը նշեց, թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ երեխաները շատ անգամ ինքնուրույն մտածելու հնարավորություն չեն ունենում, որովհետեւ ինժեներներն արդեն ամեն ինչ իրենց փոխարեն արել են, շախմատը հնարավորություն է տալիս նրանց սովորել մտածել, տրամաբանել, ստեղծագործել ու պայքարել։  «Մենք ցանկանում ենք ուսումնասիրել հենց այս արժեքները, և այս ինստիտուտն, իմ համոզմամբ, մեծ բարիք կլինի ամբողջ աշխարհի կրթական համակարգերում շախմատի ներդրման համար։ Սրանով Հայաստանը կփորձի օգտակար լինել ամբողջ աշխարհի համար։ Սրանով շախմատի կարևորությունը, որպես կրթական համակարգի բաղկացուցիչ, այլ ոչ թե որպես զուտ մարզաձև, ավելի է բարձրանում ու ամրապնդվում՝ ունենալով հստակ գիտական հիմք»,- ասաց Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:

Նա նաև ընդգծեց, որ ինստիտուտում իրականացվող հետազոտությունները թույլ կտան մշակել կրթական նոր մոտեցումներ ու ուղղություններ, որոնք կօգտագործվեն նաև ներկայում դպրոցներում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am