1000х90.jpg (78 KB)

Հայաստանը հերթական անգամ առաջին տեղում է. ՖԻԴԵ-ի նախագահը շախմատի գիտահետազոտական ինստիտուտի մասին

Armenpress 14:44, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի ստեղծմամբ, որն աշխարհում առաջինն է, շրջադարձային փուլ է սկսվում շախմատի համաշխարհային շարժման մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպես է կարծում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը: «Ես արդեն երկրի նախագահին ասել եմ, գուցե դեռ բոլորը չեն գիտակցում, թե այսօր Երևանում բացված ինստիտուտը ինչ կարևոր նշանակություն ունի: Այս դարում այս հնագույն խաղի հարցում մենք կարծես ամեն ինչի հասել ենք, շատերն էլ արդեն հասկացել են դպրոցներում շախմատը որպես առարկա մտցնելու կարևորությունը: Այս գիտահետազոտական ինստիտուտը բացելով`մենք մեկ քայլ առաջ ենք անում դեպի ապագա, սա մեծ քայլ է կրթական, մանկավարժական մտքի զարգացման առումով»,-ասաց Կիրսան Իլյումժինովը:

Նրա խոսքով` ինստիտուտի կողմից իրականացված հետազոտությունները կօգնեն հասկանալ, թե ինչպես է շախմատն ազդում մարդու ուղեղի, ինտելեկտի զարգացման, ինչպես նաև անձի ձևավորման վրա: «Շախմատը միակ ձևն է, որի միջոցով երեխան խաղի ժամանակ զարգացնում է ուղեղի երկու կիսագնդերն էլ: Միաժամանակ տրամաբանությունն է սկսում աշխատել և տարածական երևակայությունը: Այն արդյունքները, որոնք այս ինստիտուտում կմշակվեն, իրենց ազդեցությունը կունենան  համաշխարհային շախմատի զարգացման վրա»,-ընդգծեց ՖԻԴԵ-ի նախագահը:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում փետրվարի 9-ին բացվեց «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը: Ինստիտուտը ՀՊՄՀ կազմում գործելու է որպես առանձին ստորաբաժանում: Այն իրականացնելու է հետազոտություններ շախմատի հոգեբանական, սոցիոլոգիական, կրթական ու այլ հիմնախնդիրների շուրջ: Ինստիտուտի գերակա նպատակն է մշակել, նախագծել, ներդնել և գործարկել կրթական համակարգում շախմատ առարկայի ուսուցման որակի գնահատման ու շարունակական բարելավման գիտականորեն հիմնավորված համակարգ:

Ինստիտուտն իր կազմում համախմբել է գիտության տարբեր բնագավառների մասնագետների`սոցիոլոգներ, հոգեբաններ, մանկավարժներ, հատուկ կրթության մասնագետներ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ շախմատիստներ, դպրոցում շախմատ դասավանդող ուսուցիչներ:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am