1000х90.jpg (78 KB)

Գեղանկարներ, քանդակներ, կիրառական արվեստի գործեր. կմեկնարկի «Արարող ձեռքեր» ցուցահանդեսային նախագիծը

Armenpress 14:26, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդության տարվա շրջանակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի ցուցահանդեսների շարք` ներկայացնելու երիտասարդների ստեղծագործությունները:

Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, ցուցահանդեսներն իրականացվում են «Արարող ձեռքեր» ծրագրի`ցուցահանդեսային նախագծի շրջանակում:

«Այս տարին Վեհափառ Հայրապետը հռչակել է երիտասարդության տարի, և, բնականաբար, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տարբեր կառույցները հանդես են գալու տարբեր ձեռնարկներով, միջոցառումներով, որոնք նպատակ ունեն Հայաստանի, Սփյուռքի երիտասարդներին ներգրավելու եկեղեցական կյանքի մեջ: Ահա այս տարվա շրջանակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրականացնում ենք «Արարող ձեռքեր» ծրագիրը` ցուցահանդեսային նախագիծը, որի շրջանակում ցուցադրվելու են Հայաստանում, Սփյուռքում բնակվող երիտասարդների աշխատանքները»,-ասաց նա:

Ցուցահանդեսին մասնակցելու են գեղանկարիչներ, քանդակագործներ, լուսանկարիչներ, կիրառական արվեստի ասպարեզում ստեղծագործողներ, որոնք ուսանող են կամ նորավարտ են, կարիք ունեն աջակցության` իրենց արվեստը ճանաչելի դարձնելու հարցում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրավերին Հայաստանից և Սփյուռքից արձագանքել է 50-ից ավելի երիտասարդ:

Ցուցահանդեսների մեկնարկը տրվելու է փետրվարի 11-ին` գեղանկարիչ, Գեղարվեստի ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանող Միքայել Հարությունյանի, քանդակագործ Սարգիս Բաբայանի ստեղծագործություններով:

Գեղարվեստի ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանող Միքայել Հարությունյանը նշեց, որ փետրվարի 11-ին կայանալիք միջոցառումն իր համար յուրահատուկ ցուցահանդես է այն առումով, որ առաջինն է Մայր Աթոռում:

«Որոշեցի այս անգամ ներկայացնել իմ այն նկարները, որոնք վերջին տարիներին արել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համար: Աշխատանքներս հոգևոր թեմատիկայով են: Կարծում եմ, որ սա երիտասարդների համար հրաշալի հնարավորություն է մեկ անգամ ևս ներկայացնելու իրենց աշխատանքները: Ստեղծագործողի համար ցուցահանդեսը լավ հնարավորություն է իր աշխատանքները կողքից դիտելու առումով»,-ասաց Միքայել Հարությունյանը:

Համաձայն միջոցառումների ժամանակացույցի`այս տարվա ընթացքում ամեն ամիս երկու ցուցահանդես է կազմակերպվելու, որոնց ընթացքում 2-ական արվեստագետ կներկայացնի իր աշխատանքը: Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը նշեց, որ մասնակցության հայտերը կշարունակվեն ընդունել, իրենց պայմաններն ու հնարավորություններն այնպիսին են, որ կարող են ավելի շատ ստեղծագործողների աշխատանքները ներկայացնել: Նա ընդգծեց, որ ցուցահանդեսին մասնակցելու համար թեմատիկ կամ ժանրային սահմանափակում չկա, բոլորին հնարավորություն է տրվելու իրենց արվեստն ազատորեն ներկայացնելու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am