1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ում երեք հայեր մեղադրվում են Հայաստանի քաղաքացիների համար ապօրինի ճանապարհով վիզաներ տրամադրելու մեջ

Armenpress 11:45, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հայտնել է երեք հայի դեմ մեղադրանք առաջադրելու մասին, ովքեր կեղծ վիզաներ են տրամադրել Հայաստանի քաղաքացիներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Washington Post-ը:

47-ամյա Ստելա Բոյաջյանը Նյու Յորքից, 30-ամյա Հրաչյա Աթոյանը Գլենդելից և 41-ամյա Դիանա Գրիգորյանը Հայաստանից Նյու Յորքում մեղադրվել են 15 կետերով: Նրանց ներկայացվել են մեղադրանքներ վիզաների կեղծման, Միացյալ Նահանգների նկատմամբ խաբեբայության, ինչպես նաև անօրինական ճանապարհով հաճախորդների՝ ԱՄՆ բերելու համար: Բացի այդ, Բոյաջյանի դեմ հավելյալ մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման և անձնական տվյալների գողության, իսկ Գրիգորյանի դեմ՝ նաև փողերի լվացման գործով:

Բոյաջյանը Հայաստանի քաղաքացիներին բերել է ԱՄՆ՝ պնդելով, թե նրանք ժողովրդական համույթների անդամներ են, հետևաբար բավարարում են P-3 վիզայի պահանջներին: P-3 վիզան թույլ է տալիս օտարերկրացիներին ժամանակավորապես մեկնել ԱՄՆ՝ ելույթ ունենալու, դասավանդելու կամ մարզելու:

Գործող սխեմայի շրջանակում՝ Բոյաջյանը ղեկավարել է ոչ կոմերցիոն մի կազմակերպություն, որը կոչվել է Big Apple Music Awards հիմնադրամ: Նա Հայաստանի քաղաքացիներից պահանջել է 3-15 հազար ԱՄՆ դոլար կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու համար: Բացի այդ, կազմակերպել է լուսանկարահանումներ, որտեղ հայերը կրել են ավանդական ժողովրդական հագուստ՝ տպավորություն ստեղծելով, թե նրանք կատարողներ և ուսուցիչներ են, որպեսզի վերջիններս կարողանան անցնել ԱՄՆ վիզայի հարցազրույցները: Արդարադատության նախարարության տվյալներով՝ որոշ հայեր գերակատարել են ԱՄՆ-ում մնալու ժամկետը և անօրինական կերպով շարունակում են մնալ Միացյալ Նահանգներում:

«Ինչպես նշվում է մեղադրական եզրակացությունում, մեղադրյալները բեմադրել են խարդախության սխեման՝ վիզայի դիմորդներին հագցնելով ավանդական պարային հագուստներ և ստեղծելով կեղծ համերգային պաստառներ՝ խաբելու կառավարական ծրագրին, որը թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացիներին ժամանակավորապես մուտք գործել ԱՄՆ որպես արտիստ»,- հայտնել է դատախազ Ռիչարդ Փ.  Դոնոհյուն՝ հավելելով, որ նրանք ենթարկվելու են պատասխանատվության:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am