1000х90.jpg (78 KB)

Ալիևն արտահերթ ընտրություններով լուծում է իր վերարտադրության խնդիրը. Վարդան Ոսկանյան

Armenpress 13:50, 8 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, արտահերթ ընտրություններ անցկացնելով, նախ և առաջ լուծում է իր վերարտադրության խնդիրը: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արևելագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, այս գործընթացում թիվ մեկ գործոնը ընդդիմությանը համախմբվելու գործընթացից զրկելն էր:

«Համախմբման համար շատ կարճ ժամանակ թողնվեց, ինչն ինչ-որ առումով պետք է արդյունավետ գնահատել, որովհետև արդեն տարբեր ընդդիմադիր ուժերի կողմից եղել են հայտարարություններ, որ նրանք ուղղակի չեն մասնակցելու այդ ընտրություններին»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանում քաղաքական ընդդիմությունը բավական տարանջատված է, ըստ էության, լուրջ ուժ չի ներկայացնում, որ մարտահարվեր նետի իշխող վարչակարգին: Դա կարող էր լինել լայն դաշինքի միջոցով, սակայն, կարծես թե, այս կարճ ժամանակահատվածը թույլ չի տալիս ուժերին գալ համաձայնության:

Մյուս խանգարող հանգամանքն, ըստ արևելագետի, կարող էր լինել կրոնական ընդդիմությունը: Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը, քաղաքական ընդդիմությանը հեռացնելով քաղաքական ասպարեզից, այդտեղ թողել է ազատ տարածք, վակում, որը լցվել է կրոնական ընդդիմության կողմից:

«Եվ այժմ Ադրբեջանի ներսում ամենահզոր ընդդիմությունը կրոնական ընդդիմությունն է: Այլ խոսքերով` շիայական զանազան խմբերն են, որոնք առնվազն բարոյական, քարոզչկան մակարդակում հովանավորում են Իրանի կողմից, սակայն այդ խմբերի համար էլ համախմբվելու ժամանակահատվածը կարճ է»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Արտահերթ ընտրությունների գնալով` Իլհամ Ալիևը, ըստ արևելագետի, ժամանակային խնդիր է լուծում` կողմնակի բարդություններից խուսափելու համար: Կանխատեսելով, որ ընտրությունների ժամանակ միջազգային հանրության ուշադրությունը սևեռվելու է Ադբեջանի վրա, Ալիևի որոշմամբ այդ ժամկետը համընկավ Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Ակնհայտ է, որ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում լինելու են Ռուսաստանում անցկացվող ընտրությունները:

«Այս որոշման համար, թերևս, մեկ հանգամանք էլ կա: Միգուցե վերլուծել են և գտել, որ այս պահին ընտրություն անցկացնելը շատ ավելի նպաստավոր է իրենց համար: Հայաստանն անցում է կատարում կառավարման նոր համակարգի, ուստի, Ալիևը ևս աշխատում է հնարավորինս շուտ ավարտել քաղաքական գործընթացը ներսում»,-հավելեց Վարդան Ոսկանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am