Հայաստանի բնության պետական թանգարանում կբացվի էկոտուրիզմի աջակցման տեղեկատվական կենտրոն

Armenpress 16:04, 7 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ,  7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բնության պետական թանգարանում կբացվի էկոտուրիզմի աջակցման տեղեկատվական կենտրոն:

 Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:

«Այն հնարավորություն կտա զբոսաշրջիկներին տեղում, մեկ վայրում ծանոթանալ  ամբողջ էկոտուրիստական ներուժին, երթուղիներին: Ի դեպ, հատուկ պահպանվող տարածքները թանգարանում ներկայացված են նաև համապատասխան ցուցանմուշներով»,-ասաց  Խաչիկ Հակոբյանը:

Նրա տեղեկացմամբ, լինելու է վճարման առցանց համակարգ, որը տուրիստների համար ավելի է հեշտացնելու ծառայություններից օգտվելու ընթացակարգը: Նրանց պետք չի լինի համապատասխան գրասենյակներ գնալ վճարումներ կատարելու համար, այդ ամենը կարվի մեկ տեղում: Խաչիկ Հակոբյանը նշեց, որ այս քաղաքականությունը հնարավորություն կտա տեղերում խուսափել կոռուպցիոն ռիսկերից:

Աշխատանքներ են տարվում նաև միջազգային տարբեր արշավային, զբոսաշրջային կայքերում էկոտուրիզիմի համապատասխան երթուղիները ներկայացնելու առումով: Թարմացվում է Վիկիպեդիայի տեղեկատվական բազան բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am