Մանկական բեսթսելեր 4/24. «Հեքիաթներ բարու և չարի մասին» և «Լինում է, չի լինում» գրքերն ամենավաճառվածների ցանկում են

Armenpress 15:45, 7 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն առաջինն  է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները: 

Վարկանիշային աղյուսակ է վերադարձել և երկրորդ հորիզոնականը զբաղեցրել «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում:

Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և երրորդն է: Անդերսենյան գործերը քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:

Չորրորդ տեղում «Երեք պատմվածք Շերլոկ Հոլմսի արկածներից» գիրքն է, որում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան փորձություններն ու հաղթանակները:

«Հեքիաթներ բարու և չարի մասին» զարմանահրաշ գիրքը վերադարձել է ամենավաճառվածների աղյուսակ` զբաղեցնելով պատվավոր հինգերորդ հորիզոնականը:

«Լինում է, չի լինում» հեքիաթների պատկերազարդ ժողովածուն վեցերորդն է: Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի հեքիաթների հերոսները փոքրիկների ամենասիրածներն են: Այս հեքիաթների նոր նկարազարդումներն էլ ավելի հետաքրքիր են դարձնում ընթերցումը:

Յոթերորդ հորիզոնականում «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն է: Այն 2015 թվականին «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության կողմից ճանաչվել է նախորդ տարվա մանկական բեսթսելեր: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստնության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը զիջել է իր դիրքերը և ութերորդն է: Հեղինակի լավագույն գործերը զետեղված են այս գրքում:

Մեր ցանկ է վերադարձել և իններորդ տեղում հայտնվել Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը: Այն Վաչագանի և Անահիտի սիրո, խիզախության, աշխատասիրության, նվիրվածության մասին է: Հեքիաթի մոտիվներով նաև մուլտֆիլմ է նկարահանվել:

Ամենավաճառվածների աղյուսակը եզրափակում է Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» գիրքը: Թոմը մոտ 12 տարեկան տղա է, որը, մոր մահից հետո, ապրում էր իր մորաքույր Պոլլիի տանը։ Վեպում նկարագրվում են տարբեր արկածներ, որոնք տեղի են ունենում Թոմի և նրա ընկերների հետ։ Դրանք մի քանի ամիս են տևում: Արկածների ընթացքում Թոմը հասցնում է գտնել իր սերը, ականատես լինել սպանության և բռնել մարդասպանին, փախչել տնից, դառնալ ծովահեն և ապրել կղզում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ. Քանակ 1 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» Արևիկ 43 2 «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» Բուկինստ 42 3 Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» Արևիկ 38 4 «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» Անդրանիկ 35 5 «Հեքիաթներ բարու և չարի մասին» Բուկինիստ 34 6 «Լինում է չի լինում» պատկերազարդ հեքիաթներ Զանգակ 28 7 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 23 8 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» Ջի Էս Էմ 23 9 Ղազարոս Աղայան «Անահիտ» Արևիկ 15 10

Մարկ Տվեն

«Թոմ Սոյերի արկածները»

Անտարես 14

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am