Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը

Armenpress 16:40, 6 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 6-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը: Նշենք, որ պատվիրակությունն այցելել է Հայաստան «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք տրամադրելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ Արփինե Հովհաննիսյանը դրական է գնահատել Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը: ԱԺ փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել օրենքի նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ՝ նշելով, որ հեղինակների կողմից հաշվի են առնվել միջազգային չափանիշներն ու Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից շատերը: Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը մեր երկրի հանրային կյանքում եւ նշել, որ հանրության տրամադրություններն այս օրենքի նկատմամբ զգայուն են: Անդրադարձ է կատարվել նաեւ խղճի եւ դավանանքի ազատության ոլորտի մայր օրենքով սահմանվող իրավունքներին ու պարտականություններին, ինչպես նաեւ օրենքի նախագծի լրամշակման եւ վերանայման ենթակա դրույթներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am