ԱՄՆ նախագահը Պատրիկ Հովակիմյանին առաջադրել է արդարադատության նախարարության բարձր պաշտոնի

Armenpress 15:31, 6 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունն ԱՄՆ արդարադատության նախարարության օտարերկրյա հայցադիմումների հանձնաժողովի անդամի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:

Առաջարկները քննարկման համար ուղարկվել են Սենատին: Հավանության արժանանալու պարագայում Հովակիմյանը հանձնաժողովի անդամի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը:

Պատրիկ Հովակիմյանը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հարավային շրջանի դատախազի օգնականն է: Նա զբաղվում է կոռուպցիայի, ինչպես նաև գործարարների և կառավարության ներկայացուցիչների կողմից ֆինանսական շարժառիթ ունեցող հանցագործությունների քննությամբ: Իրավաբանության դոկտորի աստիճան է ստացել Սթենֆորդի իրավունքի դպրոցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am