1000х90.jpg (78 KB)

Բանակում ծառայելուց հետո «Դետք» խմբի տղաների աշխարհայացքը փոխվել է

Armenpress 10:50, 6 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք տաղանդավոր տղաներից բաղկացած «ԴԵՏՔ» փոփ, սոֆթ, ռոք ժանրում ստեղծագործող բոյ բենդը գարնանը երաժշտասերներին կուրախացնի հայոց բանակին նվիրված առաջին ձայնասկավառակով և սիրո մասին անգլալեզու երգով: Խմբի ստեղծման, ծավալած գործունեության և հետագա անելիքների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է «ԴԵՏՔ»-ի պրոդյուսեր Արման Ամպի և խմբի անդամների հետ:

Արման Ամպ Մելքոնյանը Հայոց ցեղասպանության 98-ամյակին գրել է «Black heart tulips» մեղեդային ստեղծագործությունը և այն կատարելու համար փորձել գտնել համապատասխան երգչի: «Կարծում էի, որ երգը աղջիկներ պետք է երգեն, բայց ձևավորվեց «ԴԵՏՔ» խումբը, որին երգը այնքան էլ չէր համապատասխանում: Արդյունքում ծնվեց երկրորդ՝ «Forevermore» ստեղծագործությունը, որի հիման վրա տեսահոլովակ նկարահանվեց: Ի սկզբանե որոշել էի խմբի հետ աշխատել միայն այդ հոլովակի շրջանակում, սակայն նրանք համագործակցությունը շարունակելու ցանկություն հայտնեցին»,-նշեց պրոդյուսերը:

«Forevermore»-ին հաջորդեց «Շուշի» սիրված երգի հոլովակը, և խմբի նախնական կազմի երկու անդամների՝ Ներսես Ավետիսյանի, Արեգ Շահինյանի հետ աշխատանքը շարունակվեց մինչև 2015-ի վերջը:

«Ժամանակի ընթացքում հասկացա, որ «ԴԵՏՔ»-ը բավականին հեռանկարային է, և փոփոխություններն անխուսափելի էին, քանի որ հետագայի վերաբերյալ իմ և խմբի նախկին անդամների պատկերացումներն այլ էին»,- ընդգծեց Արման Ամպը: Նրա խոսքով՝ նոր խումբը, որի անդամներն են Միքայել Մելքումյանը, Վահան Կիրակոսյանը և դեռ 2015-ից խմբի անբաժան մաս դարձած Արման Պետրոսյանը, շատ ստեղծագործող է: Երգերի մեծ մասի և՛ երաժշտությունը, և՛ բառերը տղաներն են գրում, նրանց շատ է աջակցում երգիչ Տիգրան Պետրոսյանը, ով Արմանի հայրն է:

«ԴԵՏՔ»-ի նոր անդամներից մեկը՝ Միքայել Մելքումյանը, Աբովյան քաղաքում դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Թատերական ինստիտուտ, սակայն կրթությունը չի շարունակել՝ զորակոչվելով բանակ: «Առաջին երկու ամիսը բավականին դժվար անցավ, բարդ էր առանց ընտանիքի անդամների, ընկերների, բայց ընթացքում հարմարվեցի: Բանակն ինձ օգնել է ավելի լավ ճանաչել մարդկանց»,-ասաց Միքայելը: Երիտասարդ երգիչը 5 տարեկանից դաշնամուր է նվագում, նրա մտերիմ ընկերն է կիթառը: Երգում է փոքր տարիքից, իսկ պրոֆեսիոնալ երգեցողությամբ սկսել է զբաղվել՝ ընդգրկվելով «ԴԵՏՔ»-ի կազմում:

Արման Պետրոսյանը սովորել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում:  Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժինն է ավարտել, այնուհետև կրթությունը շարունակել Կոմիտասի անվ. կոնսերվատորիայում: «Վեց ամիս կիթառի բաժնում սովորելուց հետո զորակոչվեցի Հայաստանի զինված ուժեր և մինչ օրս ծառայում եմ:  Նշեմ, որ իմ և հորս երաժշտական ճաշակները բավականին նման են. հենց նա է ինձ ոգեշնչել. պարզապես նրա աստղային ժամը կարճ տևեց: Ուզում եմ լրացնել այն բացը, որը հայրս է թողել»,-նշեց Արմանը:

Վահան Կիրակոսյանը սովորում է Սլավոնական համալսարանի լեզվաբանության ֆակուլտետում, բայց փոքրուց առնչվել է երաժշտությանը, քանի որ մայրը քանոնահարուհի Անուշ Կիրակոսյանն է, որը նկարահանվել է խմբի «Մի ազգ, մի բանակ» հոլովակում: «Երաժշտական դպրոցում կիթառի և միջազգային պարերի բաժինն եմ ավարտել: Հետո ինձ փորձել եմ տարբեր ասպարեզներում՝ սկսած լուսանկարչությունից, ավարտած լրագրությամբ: Բայց երաժշտությունն է իմը:  Երբ ծանոթացա պրոդյուսեր Արմանի հետ, չէի մտածում, որ կհայտնվեմ «ԴԵՏՔ»-ում: Խմբի ադմինիստրատիվ գործերով էի զբաղվում, հետո սկսեցի երգեր գրել ու ներգրավվեցի խմբի երգիչների կազմում»,-պատմեց Վահանը:

Տղաները շեշտում են, որ, չնայած որոշ տարաձայնությունների, ներդաշնակ են աշխատում և բանավեճերի դեպքում անգամ միշտ փոխզիջումների են գնում:

«ԴԵՏՔ»-ը օրեր առաջ հանրության դատին հանձնեց «Մի ազգ, մի բանակ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը կյանքի է կոչվել Հայաստանի պաշտպանության նախարարության և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ: Նկարահանումներն իրականացել են Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում:

Երգը սիրած աղջկա, մոր, հայրենիքի մասին է: Երաժշտության հեղինակը Տիգրան Պետրոսյանն է, բառերի հեղինակը՝ Վահան Կիրակոսյանը, գործիքավորումն իրականացրել է Աշոտ Պետրոսյանը: Հոլովակի ռեժիսորը Արման Ամպն է, իսկ օպերատորը՝ Կարեն Գալստյանը: Հարուստ տեսարաններով լի տեսահոլովակը ավարտվում է «Ես ու դու այստեղ կանգնած՝ կռիվ կտանք սահմանին» արտահայտությամբ: Դրանք խմբի հաջորդ «Իմ ընկեր» երգի առաջին տողերն են. այն տխուր է, մեղեդային՝ նվիրված քառօրյա պատերազմի ժամանակ զոհված տղաներին: Նոր հոլովակը երաժշտասերներին կներկայացվի գարնանը:

Խումբը երկրպագուներին կներկայացնի նաև անդրանիկ ձայնասկավառակը, որի հասույթը կուղղվի զինծառայողների առողջության վերականգնման կենտրոնին, որտեղ քառօրյա պատերազմից վիրավոր զինվորներ կան:

«Ալբոմում ներառված են «Toy guns», «Peace song» երգերը, որոնք Վահանն ու Արմանն են գրել: Սկավառակում ընդգրկվել են միայն հայրենասիրական երգեր, քանի որ առաջին ալբոմը ցանկանում ենք նվիրել հայոց բանակին: Երբ ասում են՝ բանակը երիտասարդի կյանքում շատ բան է փոխում, ճիշտ է: Մենք մեր սեփական մաշկի վրա դա զգացինք: Տղաների աշխարհայացքը, տարբեր երևույթների նկատմամբ վերաբերմունքը բանակում ծառայելուց հետո փոխվել է: Դա դրական է անդրադարձել նրանց ստեղծագործական կյանքի վրա»,-ընդգծեց պրոդյուսերը: Նա հավելեց, որ հետագայում խումբը հանդես կգա անգլալեզու «Light my fire» երգով, որի ռուսերեն տարբերակը վաղուց պտտվում է ռուսական ռադիոալիքներով:

«ԴԵՏՔ» խումբը ստեղծվել է 2015 թվականին պրոդյուսեր Արման Ամպ-ի կողմից: Խումբը 2017-ին «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ճանաչվել է որպես Հայաստանում 2016 թվականի լավագույն փոփ բենդ։

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am