ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Արցախ

Armenpress 17:13, 3 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 2-4-ն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ եւ ԱԺ խմբակցությունների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ պատգամավորներն ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Նույն օրը ԱՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունեցել երկու հանրապետությունների խորհրդարանականների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջունելով ներկաներին՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն Արցախի խորհրդարանի համար առանցքային է համարել Հայաստանի Ազգային ժողովի հետ տարեցտարի կատարելագործվող հարաբերությունները, հանձնաժողովների մակարդակով պարբերական հանդիպումներն ու համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բարձր է գնահատել երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ առկա փոխգործակցության մակարդակը: Նա ներկայացրել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությունը:

Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները եւ խմբակցությունների ներկայացուցիչները, ովքեր տեղեկատվություն են տրամադրել մի շարք հարցերի շուրջ Հայաստանի խորհրդարանում ընթացող քննարկումների մասին: Ոլորտային հարցերի վերաբերյալ քննարկումներ տեղի են ունեցել նաեւ համապատասխան հանձնաժողովներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am