1000х90.jpg (78 KB)

Երևանում դռներն է բացում գերժամանակակից, միջազգային չափանիշներով «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը»

Armenpress 22:52, 28 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Պողոսյանը, Հայկ Թորոսյանը, Դանիել Դավթյանը, Անդրեյ Վարդումյանը, Ավետիս Զարդարյանն իրենց զինակից ընկերների շրջանում միշտ հեղինակություն են վայելել: Նրանք միշտ աչքի են ընկել իրենց խիզախությամբ, հոգու ամրությամբ, ֆիզիկական ուժով: Ապրիլյան արկածախնդրության օրերին հակառակորդի գնդակը նրանց գամեց մահճակալին: ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած տոնական համերգի ժամանակ իր ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանոթյան նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ բժիշկներն ասում էին՝ այդ երիտասարդների պայքարը գնում է կյանքի համար:

«Զինված ուժերի փորձառու բժիշկները, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանի գլխավորությամբ, արեցին անհնարինը: Մեր հերոս տղաները ոչ միայն ապրեցին, այլև արագ սկսեցին վերադառանալ լիարժեք կյանքին: Նման դժվար իրավիճակում հայտնված բազմաթիվ երիտասարդներ ունեն երկարատև և շարունակական արհեստավարժ վերականգնողական աջակցության կարիք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վիգեն Սարգսյանը:

Հայաստանում այդպիսի ծառայությունները մասնակիորեն էին հասու: Կար մասնագիտական ներուժի և անհրաժեշտ սարքավորումների պակաս: 11 ամիս առաջ Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, «Աջակցություն վիրավոր զինվորներին, զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության  ղեկավար Հայկուհի Մինասյանը պատմեցին իրենց տեսլականի մասին: Այն է, Երևանի կենտրոնում բժշկական համալսարանի բազայի վրա Երևանի ամենահին բուժհաստատության պատմական շենքում՝ ստեղծել հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

«Չկար նախագիծ, չկար նախահաշիվ, չկար հետագա աշխատանքի ծրագիր: Կառավարման բոլոր կանոններով առաջարկը դատապարտված էր տապալման, սակայն նրանք այնքան վստահ էին իրենց նպատակներում, համոզիչ իրենց հիմնավորումներում, որ անհնար էր մերժել: Հանրապետության նախագահի և առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո, բազմաթիվ բարերաների, կազմակերպությունների, կառույցների շնորհիվ, հաշված ամիսների ընթացքում կատարվեց ահռելի ծավալի շինարարական աշխատանք: Բարերար Սամվել Կարապետյանի ջանքերով կենտրոնը հագեցվեց գերժամանակակից սարքավորումներով: Այսօր արդեն եզակի այդ կառույցը բացում է իր դռները: Այն լավագույններից է, միջազգային չափանիշներին համապատասխան»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Բացի վերականգնողական ծառայություններից, կենտրոնը լինելու է նաև մեկ պատուհան զինհաշմանդամների բոլոր խնդիրներին լուծումներ գտնելու համար: Ստեղծվելու են մասնագիտական ուսուցման և զբաղվածության ծառայություններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am