ՀՀ ֆինանսների նախարարը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է գնման ընթացակարգերի կատարելագործումը

Armenpress 19:31, 26 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորությամբ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են 2017 թվականի նախարարության իրականացրած, ինչպես նաև 2018 թվականին նախատեսվող այն գործողություններն ու միջոցառումները, որոնք միտված են գնման ընթացակարգերն ավելի պարզ և թափանցիկ դարձնելուն, դրանց մրցակցային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպմանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Նախարար Արամյանը նշել է, որ շատ կարևոր է նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև նման սերտ համագործակցությունը. նախարարությունը կարևորում է գնումների ոլորտում իրականացվող բարեփոխումների առումով նրանց ներգրավվածությունը: «Եթե նախկինում գնումների գործընթացին միջին մասնակցությունը 3.2 էր, այժմ 4.2 է, և այդ ցուցանիշի դեպքում ֆիկտիվ մասնակցություն չկա. բավականին լավ արդյունքներ ունենք: Այստեղ մեծ է նաև ձեր ներդրումը: Պետք է համատեղ ջանքեր գործադրենք, որպեսզի ճիշտ գործիքներով ճիշտ գործողություններ իրականացնենք», - ասել է նախարարը:

Հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն ընդգծել է, որ 2017 թվականի ընթացքում նախարարության կողմից գնումների ընթացակարգերի մասնակից պատվիրատուներին տրվել է շուրջ 400 պարզաբանում, ինչպես նաև, ելնելով օրենսդրական փոփոխություններից, 2017 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը իրականացրել է շուրջ հազար որակավորված գնումների համակարգողների դասընթաց-վերապատրաստումներ:

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ կառավարության 2017թ. N 526-Ն որոշման մեջ նախատեսվող փոփոխությունները, որոնց վերաբերյալ նախագիծը հանրային քննարկման է դրվել e-draft.am իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում: Քննարկվել են գնման գործընթացների կազմակերպման օրենսդրության կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, որոնց լուծման նպատակով նախաձեռնվել է հիշյալ որոշման մեջ փոփոխությունների նախաձեռնելու գործընթաց: Քննարկման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել ի հայտ եկած խնդիրներն ամփոփելու համար պարբերաբար նման աշխատանքային ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

Հանդիպման ավարտին նախարար Վարդան Արամյանը իր գոհունակությունն է հայտնել քննարկման մասնակից ՀԿ ներկայացուցիչներին նախաձեռնությունների և համագործակցության համար»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am