Հայտնի են Լիդիցեի գեղեցիկ արվեստների 45-րդ միջազգային ցուցահանդեսի հայազգի մրցանակակիրները

Armenpress 17:35, 26 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիդիցեի գեղեցիկ արվեստների 45-րդ միջազգային պատանեկան ցուցահանդեսի մրցանակների արժանացան Հասմիկ Կարապետյանը, Լիլիա Մարգարյանը, Մաքսիմ Բաղդասարյանը, Լիանա Մարտիրոսյանը, Էլեն Սարգսյանը: Ցուցադրության գլխավոր մրցանակը` Լիդիցեի վարդ մեդալը, շնորհվեց Մանկական գեղարվեստական դպրոցի աշակերտուհի Նարե Թովմասյանին:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Մրցանակների հանձնման արարողությունը տեղի ունեցավ հունվարի 26-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

«Այսօր երկու ցուցադրություններ ենք ներկայացնում: Առաջինը պատմական է` նվիրված Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ չեխական Լիդիցե գյուղում գերմանացի նացիստների կողմից սպանված և պատերազմի ընթացքում զոհված երեխաներին: Հենց նրանց պատվին կազմակերպվել է այս ցուցահանդեսը, որը դարձել է միջազգային: Երկրորդ ցուցադրությունում ներկայացված են հաղթող երեխաների ստեղծագործությունները»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան:

Նրա խոսքով` 45-րդ ցուցադրությանը մասնակցել է ավելի քան 25 000 երեխա աշխարհի 85 երկրից: «Հայաստանը միշտ մասնակցում է այս ցուցադրություններին և արժանանում մրցանակների: Այն աշխատանքները, որոնք ուղարկում են հայ երեխաները,  միշտ գունեղ են, գեղեցիկ»,-ասաց Պետր Միկիսկան:

Անդրադառնալով Լիդիցեի վարդ մեդալ մրցանակին` դեսպանը շեշտեց, որ այն Լիդիցե գյուղի խորհրդանիշն է, քանի որ գյուղում իրականացված կոտորածից հետո այնտեղ միայն վարդեր են աճել:

Գլխավոր մրցանակի արժանացած Նարե Թովմասյանը, ով իր կտավում պատկերել էր երազում թռչող աղջիկների, ասաց, որ փորձել է օգտագործել ամենագեղեցիկ ու վառ գույները երազը պատկերավոր դարձնելու համար: Նա պատրաստվում է կրկին մասնակցել ցուցադրությանը:

Լիդիցեի գեղեցիկ արվեստների միջազգային պատանեկան ցուցահանդեսը հիմնվել է 1967 թվականին: Տարիների ընթացքում ցուցադրությունը դարձել է միջազգային և լայն ճանաչում ձեռք բերել ինչպես երեխաների, այնպես էլ ուսուցիչների շրջանում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am