Արցախի արտգործնախարարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորին

Armenpress 12:05, 26 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հունվարի 26-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնին, ով Ստեփանակերտ է ժամանել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի ուղեկցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես, Արցախի միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներում առաջընթացի ձեռքբերմանն ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Անդրադառնալով Արցախում պետականաշինության գործընթացում առկա ձեռքբերումներին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հավատարմությունը ժողովրդավարական արժեքների հիման վրա անկախ պետականության ամրապնդմանը։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը վերահաստատել է Արցախի պատրաստակամությունը ԵՄ հետ համագործակցության հարցում՝ ուղղված Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ԵՄ համագործակցությունն Արցախի հետ իր ներդրումը կունենա տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման գործում, քանի որ կցուցադրի Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիությունը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am