Ալեքսանդր Մարկարովը կարևոր է համարում ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի շեշտադրումները

Armenpress 14:27, 25 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության քաղաքացիներն ունեն նույն իրավունքները, ինչ մյուս պետություններում ապրողները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ խոսելով ՀՀ նախագահի հունվարի 24-ին Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթի հիմնական շեշտադրումների մասին։

«Ղարաբաղյան հարցը կարող էր և պետք է ստանար խաղաղ լուծում, բայց խաղաղ լուծման գործընթացի ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել և հարգել ԱՀ քաղաքացիների իրավունքները»,- նշեց քաղաքագետը։

Մարկարովը կարևոր շեշտադրում համարեց նաև տարածաշրջանային քաղաքականության հարցերը, հատկապես հայ-թուրքական հարաբերությունները։

«Հայ-թուրքական հարաբերությունների շրջանակում նշված է, որ Թուրքիան, ըստ էության, բացարձակապես չի հայտնել ոչ մի պատրաստակամություն այն պայմանագրի ստորագրման վերաբերյալ, որի պատմությունը մենք շատ լավ գիտենք։ Այդ պարագայում Հայաստանը հանդես եկավ որպես նախաձեռնող կողմ, որպեսզի ցույց տա աշխարհին, որ ինքը միշտ պատրաստ է եղել զարգացնել բարիդրացիական փոխհարաբերություններ այլ երկրների հետ՝ առանց  նախապայմանների։ Բարի կամքի դրսևորման բացակայության պայմաններում պարզ է, որ Հայաստանը մոտակա ժամանակներում կարող է ետ կանչել սեփական ստորագրությունը այն փաստաթղթերի տակ, որոնք ստորագրվել են Շվեյցարիայում մի քանի տարի առաջ»,- ընդգծեց քաղաքագետը։

Անդրադառնալով նախագահի ելույթում եվրոպական համագործակցությանն առնչվող հատվածին՝ նա նշեց, թե Հայաստանը շեշտադրում է, որ ինքը միշտ հանդես է եկել որպես իր համագործակցության սկզբունքի կողմնակից։

«Անհրաժեշտ է նշել այն հանգամանքը, որ Հայաստանը հանդես է գալիս որպես երկիր, որը կարողանում է համադրել երկու տարբեր ինտեգրացիոն նախագծերը և երկուսի մեջ հանդես գալ իր շահերից ելնելով՝ ստանալով երկու կողմերից անհրաժեշտ արդյունքը, որն ակնկալվում է տվյալ համագործակցության շրջանակում»,- նշեց Մարգարովը։

Հունվարի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդի խորհրդարանի վեհաժողովում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am