1000х90.jpg (78 KB)

Տեխնիկապես վերազինված նոր լսարանում ԵՊՀ ուսանողները կզարգացնեն արաբերենի իմացությունը

Armenpress 18:09, 23 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում ԱՄԷ-ի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության արտաքին աջակցության ծրագրի՝ UAE AID-ի շրջանակում վերանորոգվել և վերազինվել է լսարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 23-ին կայացավ լսարանի բացման արարողությունը:

«Սենյակը արևելագիտության ֆակուլտետի ուսանողների համար կծառայի որպես լինգաֆոնային լսարան՝ զարգացնելու նրանց լեզվական հմտությունները: Լսարանի վերանորոգման և վերազինման գործում մեծ դերակատարություն ունի Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ջասիմ Մուրամմադ Ալ Կասիմին, ով ուրախությամբ դրական արձագանք տվեց համագործակցությանը»,-ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանն ու շնորհակալություն հայտնեց դեսպանին:

Դեսպան Ջասիմ Մուրամմադ Ալ Կասիմիի խոսքով` դա փոքր օգնություն է Էմիրությունների ժողովրդից հայ ժողովրդին: «Մենք ուզում ենք օգնություն ցուցաբերել հայ ժողովրդին հատկապես ուսման և առողջապահության ոլորտներում: Հուսանք այս լսարանը կաջակցի ուսանողներին և կլավացնի նրանց հմտություններն արևելագիտության ֆակուլտետում»-ասաց դեսպանն ու հույս հայտնեց, որ Էմիրությունների և Հայաստանի համալսարանների միջև համագործակցութունը կակտիվանա:

ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանի կարծիքով` լինգաֆոնային լսարանը նոր հնարավորություններ կստեղծի ուսանողների համար:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում արաբերեն դասավանդվում է  ավելի քան 50 տարի: Արաբերենի դասավանդումը ֆակուլտետում եղել է շատ բարձր մակարդակի: «Վստահ եմ, որ այս լսարանի բացումով նոր հորիզոններ կբացվեն ուսանողների առջև: Լսարանում հնարավորություն կունենան ոչ միայն գրքերով, այլ նաև աուդիո և վիդեո հնարավորություններն օգտագործելով բարելավել արաբերենի իմացությունը»,-ասաց ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ու շնորհակալություն հայտնեց դեսպանին:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am