Արաբագետն Աֆրինում Թուրքիայի գործողությունները համարում է անուղղակիորեն ԱՄՆ-ի դեմ

Armenpress 13:10, 23 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի գործողություններն ուղղակիորեն կապված են վերջին մեկ տարվա ընթացքում ներսիրիական գործընթացներում արձանագրված իրողությունների հետ: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը, մասնավորապես, 2017 հունվարից ձևավորվեց Աստանայի ձևաչափը, որի շրջանակում ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի միջև փոխհամաձայնությամբ սկսվեց ներսիրիական խնդիրների կարգավորման որոշակի գործընթաց: Արդյունքում, դուրս մնացին արտասիրիական մի շարք դերակատարներ:

«Դուրս մնացած դերակատարների թվում է ԱՄՆ-ն: Նախորդ տարվա վերջին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ավարտը հռչակելուց հետո, փաստացի ԱՄՆ-ն դուրս մնաց ներսիրիական ուղղակի գործընթացներից: ԱՄՆ-ի վերադարձը սիրիական հակամարտություն ազդարարվեց քրդերին զինելու, քրդական նոր կառույց ձևավորելու նախաձեռնությամբ: Խոսքը 30-հազարանոց զինվորական միավորում ստեղծելու մասին է»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

ԱՄՆ-ի այս նախաձեռնությունն ակտիվացրեց Թուրքիայի գործողությունները:  Արմեն Պետրոսյանի խոսքով, Աֆրինում ուղղակի գործողություններն անուղղակիորեն ԱՄՆ-ի դեմ են:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Թուրքիան իր նպատակներն իրականացնելու համար գնում է ռազմական գործողությունների: Նոր հակամարտության օջախ ստեղծելով Սիրիայի հյուսիսում` հրահրում է արաբ-քրդական հակասություններ:

«Ինչո՞ւ Աֆրինը: Սա այն տարածքն է, որտեղ մեծամասնությունը քրդեր են: Սուտ են Թուրքիայի այն հայտարարությունները, թե բնակիչների 35 տոկոսը քուրդ է, 55 տոկոսը` արաբ, նման բան չկա, այստեղ քրդերը մեծ թիվ են կազմում, և Թուրքիան վտանգ է տեսնում»,-ասաց Սարգիս Գրիգորյանը` նշելով, որ Թուրքիան հետաքրքրված է ոչ միայն Աֆրինով, այլև քրդաբնակ այլ հատվածներով:

Աֆրինը հայաբնակ վայրերից գտնվում է մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա, իսկ այսօր այդ քրդաբնակ հատվածում կանգնած է Թուրքիայի զինվորը: Թուրքիայի նման գործողություններով ի՞նչ սպառնալիքներ կան հայաբնակ վայրերի համար, և որքանով այն հեռու կգնա: Հարցին ի պատասխան՝ Արմեն Պետրոսյանը նշեց, որ սա փոխհամաձայնեցված և որոշակի սահմաններում գծված ռազմական գործողություն է:

«Կան որոշակի կարմիր գծեր, որոնք որևէ կերպ Անկարան չի անցնի: Սա փոխհամաձայնեցված գործողություն է Ռուսաստանի ու Իրանի հետ: Այն շրջանները, որտեղ Թեհրանն ու Մոսկվան ունեն շահեր, բնականաբար, դուրս են մնալու Թուրքիայի հետաքրքրություններից»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Սարգիս Գրիգորյանն էլ ավելացրեց, որ քրդաբնակ հատվածներում ևս հայեր են բնակվում: Այստեղ փորձագետը վտանգ է տեսնում: Եթե թուրքերը հայտնվեն այդ հատվածում, ապա էթնիկ զտումներ են իրականացնելու, հետևաբար պետք է զգոն լինել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am