Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները

Armenpress 13:21, 22 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երկրի նախագահի պաշտոնում կկարողանա արդյունավետ աշխատանք իրականացնել: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ իրենց առաջադրած թեկնածուն համապատասխանում է այն չափորոշիչներին, որոնք Սահմանադրությամբ ներկայացված են ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: «Կարծում եմ, որ մեր թեկնածուն ընդունելի է: Այս պահին ես չեմ շտապի գնահատականներ տալ՝ կկարողանա՞նք մենք ընտրության առաջին իսկ փուլում հավաքել անհրաժեշտ ձայները և ընտրել մեր առաջադրած թեկնածուին: Սպասվում են հանդիպումներ քաղաքական ուժերի հետ, որից հետո քաղաքական ուժերը կարտահայտեն իրենց դիրքորոշումը, իսկ ընդհանուր պատկերը կերևա արդեն քվեարկության ժամանակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե 1996թ. Արմեն Սարգսյանը, նշանակվելով ՀՀ վարչապետի պաշտոնում, պաշտոնավարել է ընդամենը 4 ամիս, որից հետո հեռացել է Հայաստանից՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դրա հետ կապված բազմաթիվ պարզաբանումներ տրվել են: «Նա այդ ժամանակ առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, և դա է եղել հրաժարականի պատճառը: Բնականաբար, մամուլը պետք է փորձի խոցելի տեղեր գտնել անձի մոտ, ում մենք պատրաստվում ենք առաջադրել հանրապետության նախագահի պաշտոնում, սակայն այդ փորձերը իզուր են: Չկա մարդ, ով իդեալական է, և ես խորհուրդ կտայի ավելի շատ խոսել անձի դրական կողմերի մասին, որովհետև այն չափորոշիչներն ու մասնագիտական որակները, որոնք ունի մեր թեկնածուն, բավականին բարձր են»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Միացյալ Թագավարությունում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ է խնդրել քաղաքական ուժերի, Արցախի ղեկավարության և Սփյուռքի կառույցների հետ հանդիպումներ ունենալու և որոշում կայացնելու համար: Խորհրդարանում ՀՀ նախագանի ընտրության քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am