1000х90.jpg (78 KB)

Հայաստանի պատվիրակությունը Հնդկաստանում կմասնակցի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին

Armenpress 16:20, 20 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019թ-ին անցկացվելու է Հայաստանում։ Իսկ մինչ այդ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում կկայանա «WCIT 2018»-ը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, փետրվարի 19-21-ն անցկացվող համաժողովին Հայաստանը կմասնակցի պետական մակարդակով և ներկայացուցչական կազմով։ Հնդկաստան կմեկնեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ԻՏՁՄ (UITE) ներկայացուցչությունը, հեռահաղորդակցության օպերատորներ և ՏՏ ընկերություններ։

Ոլորտի ներկայացուցիչները խորհրդակցության էին հրավիրվել նախարարություն` քննարկելու համաժողովին մասնակցության ձևաչափը, նախատեսվող հանդիպումները և մասնակցությանը վերաբերող այլ տեխնիկական հարցեր։ «WCIT»-ն ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի 2-3 հազար լիդերներ` շուրջ 100 երկրներից։ ԻՏՁՄ ներկայացուցիչ Ալեքսանդր Եսայանը հայտնեց, որ համաժողովում նախատեսվում են թե՛ հանդիպումներ խոշոր ասոցիացիաների ու ընկերությունների ղեկավարների հետ, թե՛ միասնական տաղավարով ներկայացնել հայկական հաջողակ ՏՏ ընկերությունները։ Այս տարվա մասնակցության փորձը օգտակար կլինի եկող տարի համաժողովի նախապատրաստական աշխատանքներն անցկացնելու համար:

Իսկ 2019-ին համաժողովը հյուրընկալելը կնպաստի Հայաստանի` որպես տեխնոլոգիական զարգացած երկրի, վարկանիշի հաստատմանն ու միջազգային նոր կապերի ձեռքբերմանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am