Սևանի «Միրաժ» լողափում հուլիսի 30-ին տեղի ունեցած սպանության գործն ուղարկվել է դատարան

Armenpress 18:18, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սևանի «Միրաժ» լողափում հուլիսի 30-ին տեղի ունեցած սպանության գործը ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  դատավոր Վահագն Մելիքյանը գործն ընդունել է վարույթ:

Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017 թվականի հուլիսի 30-ին  Սևանա լճի «Միրաժ» կոչվող հանգստյան գոտու հարակից տարածքում հանգստացող Դ. Առաքելյանի և Ա.Հովհաննիսյանի միջև ծագած վիճաբանության, քաշքշուկի և ծեծկռտուքի ընթացքում հանկարծակի ուշագնաց լինելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված սուր կորոնար անբավարարության, աթերոսկլերոզի, կորոնարոկարդիոսկլերոզի և հետինֆակտային խոշոր օջախային կարդիսկլերոզի հետևանքով մահացած Ա. Հովհաննիսյանի մահվան մեջ մեղադրելով Դ. Առաքելյանին, վրեժխնդիր լինելու նպատակով, հայտնաբերել և ժ. 19.30-ի սահմաններում սպանելու նպատակով իրեն պատկանող «FABARM» մոդելի  12 տրամաչափի մեկ փողանի բազմալիցքավորվող ողորկափող որսորդական հրազենով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մեկ անգամ կրակել է Դ. Առաքելյանի գլխի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով(սպանություն):

Մամիկոն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017 թվականի հուլիսի 30-ին  «Միրաժ » կոչվող հանգստյան գոտու հարակից տարածքում հանգստացող Դ. Առաքելյանի և Ա.  Հովհաննիսյանի միջև ծագած վիճաբանության հանգամանքներին պարզաբանումներ տալու նպատակով վիճաբանելով է Դ. Առաքելյանի հետ, բազմաթիվ անգամ ձեռքերով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։ Բացի այդ, ժ.19.30-ի սահմաններում տեղեկանալով հոր՝ Ա. Հովհաննիսյանի մահվան մասին և ենթադրելով, որ վերջինս մահացել է Դ. Առաքելյանի հետ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով, ծեծելու եղանակով վրեժխնդիր լինելու նպատակով, հայտնաբերել և բռունցքներով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Դ. Առաքելյանի մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

Մամիկոն Հովհանիսյանին մեղադրանք է առաջադրվել 118 հոդվածով (ծեծ):

2017 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում,  Սևանի  լողափերից  մեկում  տեղի էր ունեցել ծեծկռտուք, որին մասնակցություն են ունեցել 1957թ.  ծնված  տղամարդ, 28-ամյա երիտասարդ, որից հետո՝ ժամը 19:15-ին, Գեղարքունիքի  մարզի  բնակիչը՝  ծնված 1957թ.՝ մահացած վիճակում, տեղափոխվել էր «Սևան»  բժշկական կենտրոն: Ձերբակալվել էր մահացած տղամարդու որդին, քանի որ նա նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ  կմ  հատվածում կրակոցներ էր արձակել , որի  հետևանքով  Արարատի  մարզի  բնակիչը՝  ծնված   1989թ.,  ձախ  քունքային  շրջանում  ստացած  հրազենային  վնասվածքից  մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին  մասի  հատկանիշներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am