Շարմազանովը ցինիզմ է որակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Չավուշօղլուի հայտարարությունը

Armenpress 21:28, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցինիզմ է որակում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների գործն է, և այնտեղ որևէ քաղաքական հարց չկա: «Այդպիսի հայտարարությունը, նման գնահատականները ոչ այլ ինչ են, քան ցինիզմի բացահայտ դրսևորում: Ցինիզմը, ինչպես կասեր Օսկար Ուայլդը, խոսում է արժեքների բացակայության մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի քաղաքական վերնախավում նման պաշտոնյաների առկայությունն է պատճառը, որ Հայաստանը պետք է շարունակի պայքարը թե Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ, թե թուրքական ժխտողականության դեմ: «Ուշ, թե շուտ Թուրքիան ինքն է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ինչպես իրավացիորեն 1915թ. նշել են Անտանտի երկրները, դա ոչ միայն մեկ ազգի դեմ ցեղասպանություն է, այլ մարդկության դեմ իրականացված հանցագործություն: Մարդկության դեմ իրականացված հանցագործությունները պետք է դատապարտվեն խստորեն: Այդ դատապարտման առաջին դերակատարները պետք է լինեն ոչ թե պատմաբանները, այլ քաղաքական գործիչները, նրանք, ովքեր թելադրում են քաղաքականությունն աշխարհում»,- եզրափակեց Շարմազանովը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am