Արցախն ունի հաջողված ժողովրդավարական կառավարություն. ԱՄՆ կոնգրեսական 

Armenpress 18:56, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնեն կոչ է արել իր գործընկերներին կոտրել ԱՄՆ և Արցախի միջև ազատ այցելությանը և բաց հաղորդակցությանը խոչընդոտող բոլոր արգելքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

«Միացյալ Նահանգները պետք է աջակցություն ցուցաբերի ողջ աշխարհում երկխոսության և գաղափարների ազատ հոսքին: Արցախն ունի հաջողված ժողովրդավարական կառավարություն և չի կարելի խոչընդոտել ԱՄՆ-ի ու մյուս երկրների հետ այդ երկրի փոխգործակցությանը»,- նշել է Փալոնեն: Նա ներկայացրել է ԱՄՆ-ի ու Արցախի միջև ազատ այցելության և հաղորդակցության մասին օրինագիծը, որն իր մեջ ներառում է.

ԱՄՆ կառավարության տարբեր մակարդակների պաշտոնյաների այցելություն Արցախի Հանրապետություն և բաց ու ուղղակիորեն հաղորդակցում Արցախի իրենց գործընկերների հետ: Արցախի պաշտոնյաների և ԱՄՆ-ի օրենսդիր ու գործադիր ճյուղերը ներկայացնող պաշտոնյաների, ամերիկյան քաղաքացիական հասարակության անդամների միջև բաց հաղորդակցությունը, հանդիպումների ու մյուս ուղղակի շփումների քաջալերումը: Արցախի Հանրապետության ապագայի վերաբերյալ ԵԱՀԿ և մյուս բանակցային գործընթացներում ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության լիակատար ու անմիջական մասնակցության ապահովումը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանն իր երախտագիտությունն է հայտնել Փալոնեին առաջարկի համար՝ նշելով, որ այդ առաջարկը խիստ կարևոր է Արցախում կայուն ու ժողովրդավարական խաղաղության համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am