«Ռոմեո և Ջուլիետ» մուլտֆիլմի ցուցադրությամբ մեկնարկեց «Animated Shakespeare» ծրագիրը

Armenpress 18:48, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շեքսպիր ակումբ» անգլիախոսների ասոցիացիան նախաձեռնել է «Animated Shakespeare» մուլտֆիլմերի ցուցադրությունների շարքը: Փոքրիկների համար անգլերեն ներկայացվում են Ուիլյամ Շեքսպիրի 12 հանրահայտ ստեղծագործությունների հիման վրա նկարահանված մուլֆիլմերը: Առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ հունվարի 18-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում:

«Այսօրվա ցուցադրմանը հրավիրել ենք «Տնակ» մանկական զարգացման կենտրոնի անգլիական խմբակի սաներին, որպես խրախուսական մրցանակ՝ նախօրեին կազմակեպված ամենամյա «Սուրբծննդյան հրաշք» խորագրով մրցույթի մասնակիցներին, որտեղ  «Շեքսպիր ակումբ» անգլախոսների ասոցիացիայի անդամները ժյուրիի կազմում էին։ «Ռոմեո և Ջուլիետ»-ը և մյուս մուլտերը պարզեցված են, մատչելի մանուկների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ասոցիացիայի տնօրեն Նարինե Քոչարը:

Տնօրենի խոսքով` իրենք ներկայացնում են ոչ միայն Շեքսպիրին, այլև այլ հեղինակների: «Անդրադառնալու ենք նաև Վիլյամ Սարոյանին: Նախատեսվում են մի շարք միջոցառումներ նվիրված նրա հոբելյանին»,-եզրափակեց Նարինե Քոչարը:

«Շեքսպիր ակումբ» անգլիախոսների ասոցիացիան հիմնադրվել է 2015-ին: 2016 թվականին տեղի է ունեցել ակումբի պաշտոնական բացումը: Այն իրականացնում է կրթական, մշակութային ծրագրեր, մրցույթներ, բարեգործական ցուցադրություններ: Նպատակն է համախմբել հայ և համաշխարհային արվեստասեր հասարակությանը, նպաստել նրանց հաղորդակցմանը, ստեղծագործական գաղափարների փոխանակմանն ու իրագործմանը։ Ակումբը բաց է անդամակցել ցանկացողների համար։ Անդամները մշտապես հրավիրվում են ակումբի բոլոր միջոցառումներին։

Ընթացիկ ծրագրերից մեկն է ֆիլմի դիտում և քննարկումը, մոտակա երկու ամիսներին շաբաթական մեկ անգամ ցուցադրվելու են անգլիական BBC հեռուստաընկերության արտադրած անիմացիոն ֆիլմեր՝ Շեքսպիրի 12 ստեղծագործությունների հիման վրա։ Ֆիլմերը ներկայացվում են անգլերեն լեզվով, որին հաջորդում է հետաքրքիր քննարկում՝ տաք թեյի շուրջ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am