1000х90.jpg (78 KB)

Գրականության մեջ պետք է բաց տարածք թողնել, որտեղ ընթերցողն իրեն թագավոր կամ թագուհի զգա. Անրի Գրիգորյան

Armenpress 11:31, 15 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ գրող Անրի Գրիգորյանը ծնվել և մեծացել է Թբիլիսիում, այսօր ապրում և ստեղծագործում է Բուդապեշտում: 2010-ին «Շեմ» մատենաշարով լույս է տեսել նրա անդրանիկ՝ «Վայրկյաններ» գիրքը: «Արձակ-2013» մրցույթում հեղինակի «Սիեստա» պատմվածքը մրցանակակիրների շարքում էր: Վերջերս ընթերցողների դատին հանձնվեց նրա  «Դմբո Ջոյսը»  պատմվածքների ժողովածուն: «Արմենպրես»-ի թղթակիցը համացանցի միջոցով զրուցել է Անրի Գրիգորյանի հետ:

-Չնայած սովորել եք Թբիլիսիի Սևծովյան միջազգային համալսարանի բիզնես ֆակուլտետում, բայց զբաղվում եք գեղարվեստով: Ի՞նչը խթանեց ձեր գրական գործունեությունը:

-Դժվար է ասել, թե ինչն ինձ տարավ դեպի գրականություն: Չեմ սիրում, երբ ասում են, թե ստեղծագործում են փոքրուց, բայց, պետք է խոստովանեմ, որ երբ երկրորդ դասարան էի, հայրս շատ գեղեցիկ, կապույտ կազմով մեծ տետր նվիրեց ինձ: Ուրախ էի, հուզված: Բացեցի այն ու գրեցի վերնագիրը՝ «Վարդանը»: Չգիտեմ, թե ինչու այդ վերնագիրն ընտրեցի: Այդ պատմվածքը Վարդանի և շան մասին էր:

- Ասում են` լավ գրքի հետ պատահական հանդիպումը կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը: Ձեր կյանքում նման հանդիպում եղե՞լ է:

-Ցանկացած գրող նաև ընթերցող է: Պարբերաբար կարդում եմ ստեղծագործություններ, որոնք հետք են թողնում, ընդլայնում աշխարհայացքը: Նման գրքերի շնորհիվ փոխվում է ներսդ: Դա է գրականության հզոր ուժը: Ծանոթանալով հունգարական գրականությանը` վերջերս ինձ համար նոր գրողի բացահայտեցի՝ Պիտեր Նադաշին: Նրա վեպերից մեկը` «Հուշերի գիրքը», շատ է տպավորել ինձ, մտածելու տեղիք տվել: Կարծում եմ` կվերընթերցեմ այն:

-Կա՞ փիլիսոփայություն, որով առաջնորդվում ես գրելիս:

-Իմ պատմվածքները միմյանցից տարբերվում են: Չեմ կարող ասել, որ կա հատուկ փիլիսոփայություն, որով առաջնորդվում եմ: Սիրում եմ բազմազանություն թե՛ կյանքում, թե՛ գրականության մեջ: Ինձ հետաքրքիր են հասարակության բոլոր շերտերը, տարբեր երևույթները:

Ստեղծագործական գործընթացում մշտապես ինչ-որ մի բան գտնում ես ինքդ քո մեջ, նոր բան ես հայտնաբերում դիմացինիդ մեջ, քանի որ ոչինչ երբեք նույնը չի լինում, ենթարկվում է փոփոխության: Իմ ընկալած գրականությունն, առհասարակ, փոփոխությունների և բազմազանության մասին է:

-Ձեր գործերն ընթերցելիս ակնհայտ է դառնում, որ հերոսը հաճախ դուք եք, պատմվածքներում նկարագրված դեպքերի, իրադարձությունների կենտրոնում հենց ինքներդ եք, բոլոր թելերը ձեր ձեռքում են…

-Նախկինում երրորդ դեմքով շատ էի գրում: Հետագայում հասկացա, որ առաջին դեմքով ստեղծագործելն ավելի բնական է ստացվում: Դա ինձ համար ինչ-որ միջոց, գործիք էր կերպարի մաշկի տակ մտնելու համար: Երբ ասում եմ՝ ես արեցի, ես սիրահարվեցի, ես գնացի և այլն, ավելի դյուրին է գրվում: Բնականաբար, յուրաքանչյուր գրող սիրում է իր մասին խոսել, քանի որ յուրաքանչյուր գրող եսասեր է, և ես բացառություն չեմ: Սակայն գրողը հակված է նաև ստին: Դու միշտ ինչ-որ բան չափազանցում ես, հավելում, հակառակ դեպքում ստեղծածդ գրականություն չի դառնա, կնմանվի օրագրի: Երբեմն մերկանալու վախ կա: Համոզված եմ՝ յուրաքանչյուր գրող չի կարող իր ստեղծագործություններում ամբողջությամբ ինքը լինել: Դու ինքդ քեզ ծռմռում ես, փոփոխում:

-Մի առիթով նշել եք, որ ասելիքը պետք է տեղ հասցնել հնարավորինս քիչ բառ օգտագործելով և հնարավորինս շատ տարածք թողնելով լռությանը: Գրելիս մտածու՞մ եք այդ մասին:

-Առհասարակ չեմ սիրում շատ բառեր. լինի վեպ, վիպակ, պատմվածք, բանաստեղծություն և այլն: Սիրում եմ, որ յուրաքանչյուր բառ ինչ-որ կերպ ապրված լինի: Երբեմն չես կարողանում գեղեցիկ անցում կատարել և արհեստական նախադասություն ես գրում այդ հարցը լուծելու համար. դա անբնական երանգ է հաղորդում ստեղծագործությանը:

Սիրում եմ, որ գրողը մտածելու տեղ է թողնում ընթերցողին, որ նա շարունակի պատմությունը: Ինքս նման գրականություն եմ փնտրում: Պետք է բաց տարածք թողնել, որտեղ ընթերցողն իրեն թագավոր կամ թագուհի զգա:

-Ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայ ժամանակակից գրականության մեջ հաճախ ենք հանդիպում բաց տեսարանների նկարագրությունների: Ձեր գրականությունը դրանցից զերծ չի մնացել: Դա արվում է իրականությունն ավելի պատկերավոր ներկայացնելո՞ւ, թե այլ նպատակով:

-Գրելիս չեմ էլ մտածում, որ բաց տեսարան եմ նկարագրում: Կարծում եմ՝ այսօր դա արտասովոր երևույթ չէ, բայց եղել են դեպքեր, որ իմ գրած տեքստը համարել են գռեհիկ, ասել, որ այդպես կեղտոտվում է գրական տարածքը: Օրինակ՝ «Լայլան» ստեղծագործությունը: Նա հանդիպում է Բոռին, ով թաղում վատ համբավ ունի: Նա Լայլային տանում է նկուղ՝ հետը քնելու: Ինչու՞ չգրել այդ մասին, մանավանդ, երբ այդ ամենին նայում ես տասնմեկ-տասներկու տարեկան երեխայի աչքերով: Եթե տեքստը պահանջում է բաց տեսարան կամ գռեհիկ բառ, ես չեմ ընդդիմանում: Հակառակ պարագայում ստացվում է, որ կարող եմ հասնել ինչ-որ կետի և լռել, առաջ չգնալ: Իսկ գրողն իր տեքստում  պետք է կանգ չառնի, հակառակ դեպքում ինքը կավարտվի:

-Պատմվածքներից մեկում գրել եք. «Հիմա եկել եմ, որ այստեղ ծնվեմ ու մեծանամ, բայց փակել են դեմս, մնացել եմ արգանդում»: Ինչու՞: Դա կապ ունի՞ Հայաստանում ապրած ժամանակահատվածի հետ:

-Դուք կռահեցիք: Երբ ավարտեցի ուսումս Լոնդոնում և Բուդապեշտում, որոշեցի գալ Հայաստան, աշխատել ու ապրել իմ պատմական հայրենիքում:  Մինչ այդ չէի ապրել Հայաստանում:  Ինձ հաճախ էին հարցնում, թե ինչու եմ եկել, երբ մարդիկ հեռանում են երկրից: Պատասխանում էի, որ հոգնել եմ փոքրամասնություն լինելուց: Թբիլիսին, որտեղ տարբեր ազգեր են ապրել, ինչի շնորհիվ բազմամշակութային քաղաք է եղել, այժմ փոխվել է: Մերօրյա Թբիլիսիում ես ինձ փոքրամասնություն եմ զգում: Հայաստան տեղափոխվելով` ուզում էի ինձ մեծամասնություն զգալ: Աշխատում էի «Լույս» հիմնադրամում, հետո անձնական պատճառներով տեղափոխվեցի Բուդապեշտ, որտեղ էլ ներկայումս ապրում և աշխատում եմ: Հայաստան դեռ վերադառնալու եմ, քանի որ ինչ-որ կիսատ բան եմ թողել այդտեղ, որը ուզում եմ լրացնել:

-Վերջերս  «Գրանիշ»-ը հրատարակեց ձեր «Դմբո Ջոյսը» գիրքը: Ի՞նչ եք գրում հիմա:

-Շարունակում եմ ստեղծագործել… (Չի մանրամասնում- թղթ.)

-Լոնդոնում, Բուդապեշտում և այլ երկրներում եք եղել, հանդիպե՞լ եք արտառոց երևույթների: Եթե այո, կարո՞ղ է այդ ամենն արտացոլվել ձեր նոր գործերում:

-Կան բաներ, որոնց մասին անպայման կգրեմ: Կան բաներ, որոնք չեմ ցանկանում բերել գրականություն: Ամեն անգամ, դրանց մասին գրելով, ասես կորցնում ես դրանք, հեռանում դրանցից: Գեղեցիկ ու հաճելի մանկության հուշեր են եղել, որոնք բերել եմ գրականություն և… կորցրել: Այդպես կորցրեցի Լայլային:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am