Չավուշօղլուն կրկին մեղադրել է ԱՄՆ-ին Գյուլենին չարտահանձնելու հարցով

Armenpress 15:06, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցելած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լոս Անջելեսում թուրքական համայնքի հետ հանդիպմանը քննադատություններ է հնչեցրել ԱՄՆ հասցեին Ֆեթուլլահ Գյուլենին իրենց չարտահանձնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Ողջ աշխարհն է հասկացել, թե ինչ դավաճան խմբավորում են գյուլենականները: Տա՛ Աստված, որ մի օր էլ Միացյալ Նահանգները հասկանա: Ցավոք սրտի, մինչ օրս չենք ստացել այն օգնությունը, որն ԱՄՆ-ից ակնկալել ենք»,- ասել է Չավուշօղլուն: Նա մասնավորապես ընդգծել է, որ, չնայած իրենց կողմից ուղարկված պաշտոնական շատ գրությունների ու դիմումների, ամերիկյան կողմը իրենց չի արտահանձնել, Գյուլենի դեմ որևէ հետաքննություն չի սկսել:

Նա ավելի վաղ անդրադարձել էր նաև ԱՄՆ կողմից արված հրապարակմանն այն մասին, թե Թուրքիան Սուդանի և Վենեսուելայի նման «անվտանգության տեսանկյունից երրորդ կատեգորիայի երկրների շարքում է»: «Մենք չպետք է շատ ուշադրություն դարձնենք գործընկերոջը ոչ սազական վերաբերմունքին: Թուրքիան ԱՄՆ-ից ավելի անվտանգ երկիր է»,- ասել էր նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am