ԱՄՆ-ն հորդորել է Ադրբեջանին ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին

Armenpress 14:15, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին, ում ադրբեջանական դատարանը դատապարտել է վեց տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպի հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգները մտահոգված են նրանով, որ հունվարի 12-ին ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին դատապարտվել է վեց տարվա ազատազրկման: Համաձայն հաղորդումների՝ Մուխթարլին մայիսի 30-ին առևանգվել էր Վրաստանում, ապա Ադրբեջանում ձերբակալվել մաքսանենգության գործով՝ կապված այն մեղադրանքների հետ, որոնք քաղաքականապես մոտիվացված են»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:

Այս կապակցությամբ Միացյալ Նահանգները կոչ են արել Ադրբեջանի կառավարությանը ազատ արձակել Մուխթարլիին և բոլոր նրանց, ովքեր բանտարկվել են հիմնարար ազատություններն իրացնելու պատճառով:

Բաքվի դատարանը լրագրող Մուխթարլիին դատապարտել էր վեց տարվա ազատազրկման:

Լրագրողը 2014 թվականից բնակվում էր Վրաստանում, սակայն 2017 թվականին նրան անհայտ անձինք առևանգել էին և տեղափոխել Ադրբեջան, ինչը մեծ սկանդալի պատճառ էր դարձել: Նրա առևանգման գործում մեղադրվում են Վրաստանի իշխանությունները:

Եվրախորհրդարանը հունիսին ընդունել էր բանաձև Մուխթարլիի գործով՝ կոչ անելով Վրաստանի իշխանություններին ցրել կասկածները լրագրողի առևանգման գործում իրենց ներգրավվածության վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am