Վրաստանում դիմակավորված անհայտ անձինք հայ գործարարից խոշոր գումար են հափշտակել

Armenpress 13:55, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա եւ իրենից մեծ գումար հափշտակել: Ինչպես տեղեկացնում  է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Նովոստի Գրուզիի» լրատվական գործակալությանը, այս մասին  հաղորդում է «Ռուսթավի 2»-ը:

Տուժողը Հայաստանի քաղաքացի է` 31-ամյա Արթուր Սուքիասյանը: Գուրիայի շրջանում նա մի քանի խանութների սեփականատեր է:

Սուքիասյանը հունվարի 13-ի առավոտյան հարձակման է ենթարկվել իր տան մուտքի մոտ: Դիմակավորված երկու տղամարդիկ  բութ առարկայով հարվածել են նրա գլխին , այնուհետև հափշտակել 30 հազար լարի (մոտ 11,7 հազար դոլար): Գործարարը պատրաստվում էր գնալ Թբիլիսիի «Լիլո» շուկա` իր խանութների համար ապրանք ձեռք բերելու նպատակով, այդ իսկ պատճառով նրա մոտ մեծ գումար է եղել:

Սուքիասյանը ներկայումս հիվանդանոցում է: Բժիշկների խոսքերով  նրա կյանքին վտանգված չի սպառնում: Հանցագործները դեռևս չեն ձերբակալվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am