Լեյլա Զանան զրկվել է պատգամավորական մանդատից

Armenpress 11:16, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Զանան պաշտոնապես զրկվել է պատգամավորական մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, պատգամավորին մանդատից վերջնականապես զրկելու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի որոշումը տեղադրվել է պաշտոնաթերթում:

Լեյլա Զանան 2015 թվականի նոյեմբերի 17-ին պատգամավորական երդմնակալության ժամանակ երդման տեքստը սկսել էր քրդերեն «Կեցցե խաղաղությունը» խոսքերով, իսկ ընթացքում «թուրք ազգ» եզրույթը փոխարինել էր «Թուրքիայի ազգ»-ով: Երդման տեքստում ինքնակամ փոփոխություն անելու պատճառով նրա երդումը չէր ընդունվել, ինչի հետևանքով նրան արգելվել էր մասնակցել մեջլիսի նիստերին:

2017 թվականի հուլիսի 20-ին մեջլիսի նախագահությունը Զանային պատգամավորական մանդատից զրկելու հարցը ներկայացրել էր հանձնաժողովին, որի կազմի մեջ են մտնում սահմանադրական և արդարադատության հարցերով հանձնաժողովների անդամները: Ավելի ուշ մանդատից զրկելու մասին զեկույցն քննարկման էր դրվել մեջլիսի լիագումար նիստում:

2015 թվականի նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ստացել էր 59 պատգամավորական մանդատ, սակայն այս ընթացքում նրանցից 5-ին զրկել են մանդատից: Այդ պատգամավորներն են կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը, Թուղբա Հեզերը, Ֆայսալ Սարըյըլդըզը, Նուրսել Այդողանը և Բեսիմե Քոնջան: Լեյլա Զանայի ևս զրկվի պատգամավորական մանդատից, ապա մեջլիսում քրդամետ կուսակցության անդամների թիվը կնվազի 53-ի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am