ՀՀ կառավարությունը հաստատել է 2018 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

Armenpress 13:51, 11 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հունվարի 11-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գործադիրն ընդունել է «ՀՀ կառավարության 2018 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշում: Գերակա խնդիրներն ու միջոցառումներն արտացոլում են ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով 2018 թ. նախատեսված միջոցառումները, որոնք ուղղված են արդյունքային ցուցանիշների ապահովմանը:   

Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու հաշվառումը 

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշումներ, որոնցով  առաջարկվում է արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը: Որոշումներով սահմանվում է նաև ՀՀ մինչև 2018 թ. ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը: Գործող սեփականատերերը, ըստ որոշման, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց տրանսպորտային միջոցները: Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ  աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ ըստ ոստիկանության և ապահովագրական ընկերությունների տվյալների, աջակողմյան մեքենաների մասնակցությամբ վթարների քանակն 28 տոկոսով ավելի է, քան ձախակողմյանը, իսկ վիրավորների քանակն ավելի է  39 տոկոսով: Նախարարը նշել է, որ նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև ապրիլի 1-ը ներմուծված և հաշվառված ավտոմեքենաների վրա:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանձնարարել է պատրաստել համապատասխան օրենքի նախագիծ, հաջորդ շաբաթ ներկայացնել կառավարություն, որպեսզի այն անհետաձգելի կարգով ներկայացվի Ազգային ժողով:

Օրենսդրական նախաձեռնություններ. կկարգավորվեն  հրավառությունների կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները

Հավանության է արժանացել «Տեղական տուրքերի և վճարների մասին» և հարակից այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որն ուղղված է հրավառությունների անցկացման վայրերի, ժամերի, հրավառությունների կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորելուն: Օրինագծերի ընդունմամբ կսահմանվեն հրավառություն հասկացությունը, հրագործական նյութերի օգտագործման, ինչպես նաև հրավառությունների իրականացման համար լիազոր պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավակարգավորումներ: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը և դրանց ներկայացող պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին: Միաժամանակ սահմանվում է առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների խախտմամբ հրավառություն իրականացնելու համար վարչական պատասխանատվություն, ինչպես նաև տեղական տուրք՝ թույլտվություն ստանալու համար:        

Գործադիրը հավանություն է տվել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն, օրինագծերը մշակվել են ՀՀ  սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կիրարկումն ապահովելու նպատակով:            

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին»,  ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

Վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում՝ հաշմանդամ դարձած զինծառայողներին

Զինվորական ծառայության ժամանակ վնասվածք կամ խեղում կամ հիվանդություն ձեռք բերած կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողներին լավագույն չափանիշներին համապատասխան վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում ապահովելու  անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին լիազորել  իրեն ամրացված համապատասխան տարածքը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման  հանձնել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ին: Կազմակերպությունը պատրաստակամ է  իր հաշվին գոյացած միջոցներով ներդրում կատարել, մասնավորապես, ամբողջովին վերանորոգել այդ տարածքը, զինել անհրաժեշտ սարքերով և սարքավորումներով, բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտ լիցենզիան ստանալուց հետո, նշված կատեգորիային տրամադրել անվճար վերականգնողական բուժում: Նախնական փուլում նախատեսվում է  ապահովել ամսական ոչ պակաս 20 ստացիոնար և 50 ամբուլատոր հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում:

Հավանության է արժանացել թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիրը

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թթ. թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին: Ըստ հիմնավորման, պետական պահուստների թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերը տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը, արժեքը: Կառավարումն արդյունավետ դարձնելու նպատակով հրապարակային աճուրդների միջոցով Պետական գանձարանում գտնվող ոչ բարձր իրացվելի իրերի պետական պահուստներից իրացում: Ծրագրի իրականացման արդյունքում Պետական գանձարանը կտիրապետի բարձր իրացվելիություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներով, որոնք կայուն կլինեն արդիականությամբ պայմանավորված ժամանակի ընթացքում արժեքային կորստից:

Երևանում կկառուցվի ընտանեկան հանգստի և ժամանցի նոր կենտրոն. կիրականացվի 22 մլն դոլարի ներդրում

Կառավարությունն ընդունել է «Ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Պարկ գրուպ» ՍՊԸ առանց մրցույթի հողամաս տրամադրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող մոտ 27 հա հողամասը 99 տարով վարձակալության և կառուցապատման իրավունքներով տրամադրել «Պարկ Գրուպ»-ին: Ներդրումային ծրագրով նախատեսվում է ստեղծել մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն՝ իրականացնելով  22 մլն դոլար ներդրում: Արդյունքում կստեղծվի 350 մշտական աշխատատեղ: Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսված է տարածքի 70 տոկոսը կանաչապատել՝ տնկելով ավելի քան 2000 ծառ, ստեղծելով ծաղկազարդ և կանաչապատ տարածք: Կենտրոնը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:

Այլ որոշումներ 

Գործադիրը հավանություն է տվել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին (հաշվետու ժամանակաշրջան 2013-2016 թթ.): Հայաստանը խարտիան ստորագրել է 2001  թ. հոկտեմբերի 18-ին և վավերացրել`  2004 թ.  հունվարի 21-ին: Խարտիային միանալու արդյունքում պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման և դրանց հետ ազգային քաղաքականությունների համաձայնեցման գործընթացի նկատմամբ Եվրոպայի խորհուրդն իրականացնում է վերահսկողություն և մոնիթորինգ, որը հիմնված է պետությունների կողմից տարին մեկ անգամ պարբերականությամբ ներկայացվող ազգային  զեկույցների, ինչպես նաև կոլեկտիվ բողոքարկումների համակարգի վրա:

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է

հնարավորինս կրճատել և պարզեցնել մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման գործընթացը: Փոփոխություններով նախատեսվում է կրճատել հայտատուի փաստաթղթերի ուսումնասիրության, համապատասխանության որոշման, համապատասխան հրամանի նախագծի կազմման ժամկետները,  ինչի արդյունքում ընդհանուր առմամբ կկրճատվի փորձագետների հավատարմագրման գործընթացի, ծառայության մատուցման տևողությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am