Նախագահ Սարգսյանը հանձնարարել է գտնել գնաճի հետևանքների մեղմման գործիքներ

Armenpress 18:39, 10 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանատու կառույցներից պահանջել է հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին: Այս մասին նա նշել է առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով հունվարի 10-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ:

«Մենք պարտավոր ենք առանց հոգնելու, առանց հաշվի առնելու բազմաթիվ հանգամանքներ, մշտապես հանրությանը տեղեկացնել: Եվ չբավարարվենք միայն նրանով, որ մի փոխնախարար մի օր ասել է, թե որն է այս կամ այն ապրանքի թանկացման պատճառը: Բոլորս՝ այստեղ նստած բոլորս, պարտավոր ենք մշտապես հանրությանը տեղեկացնել այդ պրոցեսների մասին: Վստահ եմ, որ մարդիկ կտեսնեն՝ մեր ասածները օբյեկտիվ են, թե օբյեկտիվ չեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահն ընդգծել է, որ այդ բացատրությունները ներկայացնելուն զուգահեռ մշտապես պետք է կանխատեսումներ անել, և դրանց համար պատասխանատու լինել:

«Նրանք, ովքեր պատասխանատու են գնաճի համար Հայաստանում, պետք է մշտապես կանխատեսում անեն և հավաստիացնեն բոլորին, որ պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները կատարվելու են, որ, այո՛, մի ապրանքատեսակ թանկացել է, մի ծառայություն էժանացել է: Երբ մենք դա չենք անում, այս բացը լրացնում են ուրիշները: Եվ շատ-շատերը, որոշ դեպքերում մասնագիտական ունակությունների, մյուսները տեղեկատվության պակասի պատճառով, երրորդները այլ հանգամանքներով պայմանավորված, փորձում են ինչ-որ կերպ իրավիճակը լարել: Նորից եմ կրկնում՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ այստեղ նստածներս, իրավունք ունենք ամբողջական պատճառների մասին ստույգ տեղեկատվություն ունենալու»,-նշել է Նախագահ Սարգսյանը:

Նախագահի խոսքով, եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածել, թե ինչպես պետք է մեղմել այդ հետևանքները:

«Ես հիմա չեմ ուզում դեղատոմս առաջարկել, բայց օրինակ եմ ուզում բերել. մենք տարիներ ի վեր սուբսիդավորել ենք դիզվառելիքի ձեռքբերման գները գյուղացիական տնտեսությունների կողմից: Խնդրեմ, սա կարծում եմ, շատ նորմալ գործիք է, և պետք է շարունակել օգտագործել, բայց սա պարտադրանք չէ: Այսինքն՝ ես սա ասում եմ, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը մտածի, թե ինչպես ենք փորձելու մեղմել հետևանքները: Եվ մյուսը, որ այս կետի մեջ է մտնում՝ պետք են, իհարկե, հավաստիացումներ, բայց ոչ խոսքերով, այլ նաև գործով, որ բյուջեով նախատեսված բոլոր եկամուտները հավաքագրվելու են: Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաև ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա: Ես դրա հնարավորությունները տեսնում եմ, իսկ դուք վստահ եմ, ինձնից ավելի սրատես եք այս հարցերում»,-խորհրդակցության ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am