Պարարվեստի փառատոնը մեծ նպաստ կբերի Հայաստանին  

Armenpress 12:29, 10 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ,  10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հոկտեմբերի 10-ին Լոս Անջելեսում հանդիպել է տեղի հայկական մի շարք պարախմբերի ղեկավարների հետ, քննարկել այդ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Ներկաները հայտնել են, որ սիրով կհամագործակցեն և իրենց նպաստը կբերեն հայ պարի հանրահռչակման գործին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանում այս տարվա հուլիսին կկազմակերպվի պարարվեստի փառատոն: Լոսանջելեսյան մասնակից պարախմբերից յուրաքանչյուրը կստանձնի Հայաստանի որևէ մարզում, որևէ գյուղում գործող պարախմբի հովանավորությունը (ֆինանսական օգնություն, բեմական հագուստ, հայաստանյան փառատոնին համատեղ մասնակցություն և այլն)։

Պայմանավորվածությունների շարքում է Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում հայկական պարը հանրահռչակող ելույթների, համերգների կազմակերպումը։

ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում մշտապես կաջակցի պարախմբերի ելույթներին՝ դահլիճներ, իր ենթակայության համերգային այլ հարթակներ, տարազների և երաժշտության հարցում աջակցություն տրամադրելով, մարզային ելույթներ կազմակերպելով։

Նախարարության 2018 թվականի առաջնահերթություններից է Հայաստանում պարարվեստի զարգացումը և աշխարհում հայ պարարվեստի առաջխաղացումը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am